Երեկ՝ հունվարի 11-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով 3 զոհված զինծառայողներից մեկը Վահան Վաչագանի Բաբայանն էր՝ ծնված 2003թ-ին: Նա Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր և պաշտում էր թաեքվոնդո սպորտաձևը, որում էլ գրանցել է բազում հաջողություններ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հրազդան համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Մայիս Պողոսյանը:
Ինչպես հայտնեց մեզ մեր զրուցակիցը, Վահանը սովորել է Հրազդանի պետական քոլեջի ծրագրավորման բաժնի չորրորդ կուրսում. «Բառեր չկան հերոսին նկարագրելու միայն դրական գծեր ուներ, մեծ հաջողությունների հասել հենց ծրագրավորման ոլորտում»,- ասաց համայնքի ղեկավարի մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ ընտանիքի փոքրն էր, ունի քույր և եղբայր:
ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նաև Վահանի դասղեկի Գեղեցիկ Ստեփանյանի հետ, որի արցունքները, թույլ չէին տալիս նկարագրելու իր աշակերտին. «Շատ ընկերասեր, կարգապահ երեխա էր, բացասական որևէ գիծ չի ունեցել: Ամաչկոտ էր, անգամ գրատախտակին մոտենալիս էր ամաչում: Վահանը բոլոր առարկաները հավասարապես սովորում և սիրում էր, ուսուցիչների հետ էլ շատ հարգալից էր»,- ցավով պատմեց հերոսի ուսուցիչը:
Վերջինս նշեց, որ Վահանը այնքան գեղեցիկ ժպիտ ուներ, որ երբ դասին այնքան էլ պատրաստ չէր լինում, ժպտում էր և ուսուցիչները չէին կարողանում նրան ցածր գնահատել կամ բարկանալ վրան. «Դրական մի կերպար էր, բոլորը սիրել և հարգել են: Տեսակով եղել է այնպիսին, որ ամենուրեք պետք է լիներ առաջինը և լավագույնը: Սիրում էր ամեն ինչ ինքնուրույն կազմակերպել»,- ասաց Գեղեցիկ Ստեփանյանը:
Զրուցեցինք նաև Վահանի մարզչի՝ Արթուր Կնյազյանի հետ, ով հատկապես ընդգծեց Վահանի պայքարող տեսակ լինելը. « Կատարվածը մեծ ցավ է բոլորիս համար: Վահանը, ընդամենը 5 տարի զբաղվելով թաեքվոնդո մարզաձևով, հասցրեց գրանցել աննկարագրելի հաջողություններ: Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոնն էր։ Արտերկրում մասնկացել է բազմաթիվ մրցաշարերի: Ունի բազում մեդալներ և մրցանակներ: Այս սպորտաձևում ուզում էր ամենաբարձր կետին հասնել, ափսոս, իր բոլոր նպատակները կիսատ մնացին»,- ցավով ասաց նա:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.), կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ. և շարքային Վահան Վաչագանի Բաբայանը (ծնվ. 2003թ.):
Կարող եք ընթերցել նաև՝ «Ռուդիկը վերջին անգամ խոսել է հայրիկի հետ. ասելու բան չէ, թե ինչ. մանրամասներ երեկ զոհված զինծառայողից»:
Զվարթ Պետրոսյան