Ինչպես հայտնել էինք, երեկ՝ հունվարի 11-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.), կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ. և շարքային Վահան Վաչագանի Բաբայանը (ծնվ. 2003թ.):

ԼՈՒՐԵՐ.com-ին հաջողվեց պարզել, որ զոհված հերոսներից մեկը՝ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը Լոռու մարզի Ալավերդի համայնքից է: Նրա մասին մանրամասներ իմանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Ալավերդիի համայնքապետ Սասուն Խեչումյանի հետ:

Նա, ցավով նշեց, որ անմահացած Ռուդիկը քաղաքի ամենասիրելի, ամենապարկեշտ և ամենաառաքինի երեխաներից մեկն էր. «Շատ լուսավոր, առաջադեմ հայրենասեր և աստվածապաշտ էր մեր էրեխեն, մի բառով՝ օրինակելի էր»,- ասաց համայնքի ղեկավարը:

 
 

Խոսելով հերոսի նախասիրություններից, նա առանձնացրեց այն, որ Ռուդիկը շատ էր սիրում եկեղեցիներ այցելել և ներկա գտնվել պատարագներին. «Սիրում էր նաև մասնակցել ճանաչողական արշավներին»,- ասաց Սասուն Խեչումյանը:

Նա մեզ հայտնեց, որ Ռուդիկը վերջին անգամ՝ ժամը 17:00-ի սահմաններում խոսել է հայրիկի հետ, բայց թե ինչ է ասել, չցանկացավ բարաձրաձայնել. «Ասելու բան չէ, թե ինչ է ասել»,- նշեց մեր զրուցակիցը: 

Ընտանիքին երեկ բոթը հայտնել է հենց համայնքապետը. «Երեկ ես կոմիսարի հետ գնացի իրենց տուն և հայտնեցի այդ չարաբաստիկ լուրը»,- ցավով ասաց նա:

 

Հավելենք նաև, որ ընտանիքում երկու երեխա էին, Ռուդիկը ուներ իրենից 2 տարի մեծ քույր:

Նշենք, որ Ռուդիկի ֆեյսբուքյան էջում բազմաթիվ են գրառումները ծառայության վերաբերյալ, սակայն թերևս դրանցից ամենատպավորիչը իր զորակոչման ծանուցագրի նկարի հրապարակումն էր, որին կից գրել էր. «Գնում եմ, որ գամ... ժպիտով, միշտ ժպիտով»:

Զվարթ Պետրոսյան