«Ես իմ մայրական բնազդով զգում էի, որ նրան վաղ եմ կորցնելու, նա էլ իր հերթին էր զգում, որ շուտ է հեռանալու կյանքից, ինքն ուզում էր ամեն ինչի հասնել, ես էլ փորձում էի անել անհնարինը նրա համար: Երևի այս հանգամանքով էր պայմանավորված, որ Կարենը շատ շտապողական էր»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված 19-ամյա զինծառայող Կարեն Գրիգորյանի մայրը՝ Լալա Հախյանը:
Իր ծննդավայրում՝ Կապանում, Կարենը եղել է շատ սիրված և հարգված, նա յուրահատուկ տեղ է ունեցել նաև իր ընտանիքում. «Մենք «չէ» բառը երբեք չենք ասել Կարենին, ինչ ցանկացել է, մեզ համար օրենք է եղել: Կարենին ամեն ինչ հեշտությամբ էր տրվում՝ առանց որևէ դժվարության»,- նշում է զինվորի մայրը:
Կարենը իր ունակություններով հասցրել է փայլել տարբեր հարթակներում, նա երկար ժամանակ այցելել է դաշնամուրի դասերի, այնուհետև մեծ հաջողություններ է գրանցել կարատեում, որից ունի բազում մեդալներ և պատվոգրեր: Կարատեում հաջողություններ գրանցելուց հետո, Կարենը սկսում է զբաղվել ֆուտբոլով, նա շատ էր սիրում ֆուտբոլը. «Տղաս շատ նպատակներ ու ծրագրեր ուներ, բայց, ցավոք, անիծյալ պատերազմը կիսատ թողեց նրա բոլոր նպատակներն ու երազանքները»,- ասաց Կարենի մայրը:
Ինչպես պատմում է մեր զրուցակիցը, Կարենն ուներ սրտի առիթմիա, ինչի պատճառով էլ նրա բանակ գնալը հետաձգվել էր 1 տարով, սակայն նրա համառ բնավորության պատճառով 2020 թվականի օգոստոսի 24-ին զորակոչվեց բանակ. «Ես չէի ուզում, որ Կարենը բանակ գնար, բայց նա համառեց, կռվեց ինձ հետ, նեղացավ ու հաղթեց ինձ՝ զորակոչվելով բանակ: Ասում էի մի’ գնա, բալես, ասում էր՝ մա’մ, ես չեմ վախենում ո’չ բանակից, ո’չ կռվից, ո’չ էլ մահիցս»,- պատմում է Լալա Հախյանը:
Մայր ու որդի ընկերներ էին, այս կարծիքին է Լալա Հախայանը, հավելելով, որ տղան իր հետ կիսվում էր ամեն թեմայով, նրանք միասին ունենում էին հետաքրքիր քննարկումներ, տղան մայրիկին հաճախ էր անվանում «Ամենակարող մամա»:
Ինչպես մնացած զինծառայողները, Կարեն Գրիգորյանը ևս սեպտեմբերի 27-ին բարձրացավ դիրքեր՝ հայրենիքի պաշտպանության: Մեզ հետ զրույցում Կարենի մայրը վերհիշեց իրենց վերջին հեռախոսազրույցը, չմոռանալով շեշտել, որ Կարենը միշտ հույս էր տալիս իրեն՝ ասելով՝ չվախենաս, չնայած՝ մարտերը դաժան են, բայց գալու եմ, ես խոստացել եմ քեզ . «Ասաց՝ մա’մ, բոլորին խփում ենք, առաջ ենք գնում, հաղթելու ենք, մա’մ: Սա մի ուրիշ սարսափ ֆիլմ է, որը դու չես կարող, անգամ, պատկերացնել, բայց մենք չենք վախենում: Մեր երեխաները չպետք է կռիվ տեսնեն, մա’մ, այս անգամ մենք պետք է տանենք մեր վերջնական հաղթանակը: Ձեզ լավ նայեք, մա’մ ջան: Վաղը այս ժամերին, նորից կզանգեմ»,- պատմեց Լալա Հախյանը:
Մինչ Կարենի մայրը սպասում էր իր որդու հերթական զանգին, որդին մարտական առաջադրանքը կատարելիս՝ հերթապահության ժամանակ արկի պայթյունից զոհվում է. «Երբ տեսա, որ որդուս զանգը ուշանում է առավոտյան զանգահարեցի բոլոր այն համարներով, որով ինքն էր մշտապես զանգահարում, ինձ ասացին, որ չեն կարող հիմա խոսել: Խոսելու ընթացքում ես լսում էի կրակոցի ձայներ, մտածեցի, որ երևի հարմար չէ, հերթական մարտական առաջադրանք են իրականացնում: Բայց վայրկյաններ անց, հեռախոսահամարիս հաղորդագրություն եկավ, որում գրված էր, որ ետ զանգահարի տղամարդկանցից որևէ մեկը: Պարզվեց՝ որդիս էլ չկա: Զոհվեց՝ Աստվածաշունը գրպանում, իր իսկ արյամբ շաղաղված այն տվեցին ինձ։ Ես ամբողջ մի կյանք կսպասեմ նրա զանգին»,- նշեց հերոսի մայրը:
Զվարթ Պետրոսյան