Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքն Ուկրաինայի վարչապետ չէր դառնա, եթե նրան առաջարկեին այդ պաշտոնը:
Քաղաքական գործչի խոսքով՝ ինքն ունի շատ ավելի մեծ ձգտումներ. նա ցանկանում է փոխել երկրում քաղաքական համակարգը և ճանապարհ բացել երիտասարդների համար:
«Հավակնություններս շատ ավելի մեծ են, քան կառավարական պաշտոնը: Իմ նպատակն է՝ փոխել քաղաքական դասը և խաղի կանոնները: Հետագա տարիներին Ուկրաինայում շատ վարչապետեր կլինեն, կառավարությունը հաճախ կփոխվի, դա իմ կանխատեսումն է: Սակայն, մարդիկ, ովքեր կփոխեն խաղի կանոնները, շատ քիչ կլինեն»,- ասել է նա: Այս հայտարարությունը մարզպետն արել է «Էրա» ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով հաղորդավարի հարցին, թե նա կհամաձայնե՞ր Ուկրաինայի վարչապետ դառնալ՝ որոշակի պայմաններում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»: