Արդյո՞ք ովքեր են…
Պատգամավորներ են, ովքեր նստած ԱԺ փափուկ աթոռներին երևի թե հանուն ազգիս բարօրության կամ ի շահ իրենց օրենքներ են ընդունում, մերժում, ասում, խոսում, քննարկում ու քննարկվում…
Արդեն 4 տարի է՝ 131 պատգամավոր ապրում է մեր վճարած հարկերի շնորհիվ ու երևի թե սրտատրոփ սպասում 2017-ին՝ մեկ էլ տեսար վերընտրվեց, մեկ էլ տեսար…
Քանի որ հաշված ամսիներ են մնացել մինչ ԱԺ ընտրությունները, մենք շարունակում ենք վերհիշել նրանց գործունեությունը՝ պատգամավոր առ պատգամավոր ներկայացնելով նրանց անցած ուղին:
ԼՈւՐԵՐ.com-ի դիտակետում հայտնված հաջորդ պատգամավորը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն է:
Ծնվել է 1979թ. օգոստոսի 27-ին Երեւանում:
1996թ. ընդունվել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ: 2000թ. դադարեցրել է ուսումը, այնուհետեւ 2004-2007թթ. ուսումը շարունակել Երեւանի կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: Լեզվաբան: 2001թ. ավարտել է «R & R» ուսումնական կենտրոնը: Ձեռնարկությունների կառավարիչ: 2008թ. ավարտել է Երեւանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:
2001-2004թթ. եղել է «Սարեկ» ՍՊԸ գլխավոր տնօրեն: 2008թ.' «Տրանսկոնսերվիս» ՍՊԸ գործադիր տնօրեն: 2009-2011թթ.՝ Հայռուսգազարդի «ԷյԻՋԻ սերվիս» ՍՊԸ գլխավոր տնօրենի խորհրդական:
2000թ. հիմնադրել է Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը, 2007-2009թթ. եղել է կուսակցության վարչության նախագահ:
2002թ. հիմնադրել է «Երեւանի օժանդակ օրինապահ ջոկատներ» ՀԿ-ն, 2004թ.՝ «Կայունություն» հասարակական միավորումը:
2011թ. եղել է Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության (ՀՌՀԿՄ) նախաձեռնող խմբի ղեկավար: ՀՌՀԿՄ վարչության անդամ է, ՀՌՀԿՄ համակարգող: 2011-2015թթ. եղել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 2012-2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու: 2015թ. մայիսի 16-ին ընտրվել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Բարետես պատգամավորի մասին սկսենք նախ ամենաթարմ լուրից՝ այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին:
Այո, քույրեր և եղբայրներ, Ուրիխանյանը հեռանում է, սակայն հարց է, թե ո՞ւր. որոշել է փոխե՞լ կյանքի ռիթմը, թե՞ պարզապես այլ քաղաքական խաղ է սկսելու…
Ի դեպ, քաղաքական խաղերի մասին մի բան էլ՝ Ուրիխանյանը, «Ալյանս» կուսակցության ղեկավար Ուրիխանյանը, միևնույն ժամանակ նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում և պատրաստակամություն հայտնելով կատարելու վարչության անդամի բոլոր պարտականությունները՝ կուսակցության զարգացման ու առաջընթացի համար:
Թողնելով մի կողմ Ուրխանյանի 4 տարիների պատգամավորական գործունեությոնը, որը գրեթե ոչնչով աչքի չի ընկել, հիշենք, թե ինչպես ԲՀԿ-ի կարկառուն պատգամավորը ժամանակին հեռացավ նույն ԲՀԿ-ից:
2015 թվականի մարտի 25-ին Ուրիխանյանը ԲՀԿ-ից դուրս գալու դիմում ներկայացրեց՝ նշելով, որ այլևս համաձայն չէ ԲՀԿ-ի մեղմ ու կառուցողական դիրքորոշումների հետ:
Երբ Ուրիխանյանը դուրս եկավ ԲՀԿ-ից, կուսակցության առաջարկով դիմում գրեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունից դուրս գալու համար, սակայն երկկողմ համաձայնություն ձեռք բերվեց, որ Ուրիխանյանը պետք է մնա մյուս՝ ՀԱՊԿ, ԱՊՀ միջխորհրդարանական և Հայաստան-Ռուսաստան պատվիրակություններում:
Այս տարվա մայիսի 16-ից նա արդեն հանդես էր գալիս որպես «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ, որն այդպես էլ չփայլեց իր վարած քաղաքականությամբ, բավական է հիշել, թե երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին ինչ փոքր տոկոս հավաքեց «Ալյանս»-ը:
Սակայն այնպես չէ, որ ԲՀԿ-ից հեռանալուց հետո Ուրիխանյանը ոչ մի առիթով աչքի չի ընկել, որի մասին երևի՝ անձամբ ինքը, հիշել ու խոսել չի ցանկանա:
Այս տարվա մայիսի 3-ին շորթման մեղադրանքով ձերբակալվել է analitik.am լրատվական կայքի տնօրեն եւ խմբագիր Անի Հովհաննիսյանը: Ոստիկանությունն այս առիթով բավական ուշագրավ տեղեկություններ է հրապարակել: Ըստ այդմ, մայիսի 2-ին Տիգրան Ուրիխանյանը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ analitik.am լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր՝ որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել նրա հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին՝ դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:
Զոհի դերում հայտնված պատգամավորի մասին կարճ ճամանակ անց խոսեց Անի Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրականում Ուրիխանյանը հանցագործ է և կազմակերպել է ամբողջ պատմությունը՝ իրեն լռեցնելու համար:
Մասնավորապես Անին հայտարարել էր.
«Շորթման գործը սարքելու պատվիրատուն ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն է: Նպատակը ռուս-ադրբեջանական ՎՏԲ բանկում Ադրբեջանի մասնակցության բացահայտման հետ կապված իմ գործունեությունը կասեցնելը և դրանով իսկ Ադրբեջանի կողմից ՀՀ-ում ՎՏԲ բանկի միջոցով անարգել տնտեսական գործունեություն ծավալելու արգելքները վերացնելն է:
ՀՀ-ում չես գտնի գեթ մեկ մոլագար, ով փորձ անի գումար շորթել ՀՀ ԱԱԾ պետի մորաքրոջ որդուց: Միայն այս հանգամանքն արդեն իսկ վկայում է, որ շորթման գործը ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի գործակալ Ուրիխանյանի անհաջող բեմականացումն է:
Ուրիխանյանն այս գործում ՌԴ դեսպան Վոլինկինի կամակատարը և գործակալն է, որը դեսպանի հանձնարարությամբ, իբր թե ՎՏԲ բանկում ադրբեջանական մասնակցութան դեմ պայքարին միանալու պատրվակով կարողացավ համագործակցությա համաձայնություն ձեռք բերել ինձ՝ Անի Հովհաննիսյանիս հետ, և շորթման գործ սարքել…»:
Իրարամերժ պատմության մութ ծալքերի մասին խոստացել է խոսել Անին՝ ներկայացանելով որոշ ապացույցներ:
Ի դեպ, ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ բավականին լարված էին ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանի և նախկին ԲՀԿ-ական Ուրիխանյանի հարաբերությունները, և չի կարելի բացառել, որ նաև տիկին Զոհրաբյանի դերը կա այստեղ:
Անի Սահակյան