ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը մտադիր չէ իր պատգամավորական գործունեությունը շարունակել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պատգամավորը. «Կրկին պատգամավոր դառնալու ցանկություն չունեմ»,- ասաց նա:
Թ. Պողոսյանը հստակեցրեց նաև, որ ինքն այս պահին համագործակցության առաջարկ որևէ կուսակցությունից՝ չունի:
Անդրադառնալով ՀՀԿ համագումարին՝ նա հայտարարեց, որ այդ համագումարը հիշեցնում էր խորհրդային տարիները. «Միգուցե սովետը չհիշեի, եթե չլիներ քվեարկությունը: Այ, հենց քվեարկությունը գալիս էր ու միաձայն, լա՜վ է, ուռա՜, բնականաբար, սա հիշեցնում էր, թե որտեղ ենք այդ ամենը տեսել»,- ասաց նա՝ հավելելով, որ համագումարը հիշեցնում էր խորհրդային անցյալը, որտեղ միակուսակցական իրավիճակ էր:
«Մի կողմից ներկայացվում է, որ մենք պետք է մրցակցային քաղաքական դաշտ ունենանք, որ պետք է փոխվենք ու փոփոխությունը պետք է սկսվի մեզանից, և միգուցե պետք էր, որ այդ փոփոխության մեջ տեսնեինք, որ ՀՀԿ-ից մեկը կգա ու կասի, որ մի փոքր այլ գաղափար ունի, այլ տեսլական ունի, միգուցե ասի, որ ձեռնպահ է և այդ դեպքում գոնե կտեսնեինք, որ ներքին քննարկում կա, իսկ մյուս կողմից՝ նման մոտեցում է ցուցաբերվում»,- նկատեց Պողոսյանը՝ շեշտելով, որ լավ կլիներ, որ այդ համագումարի ընթացքում գոնե մի քանի հոգի Սերժ Սարգսյանին, գոնե ձևական, դեմ լիներ: «Թող լիներ 300 հոգի կողմ, 10-ը ձեռնպահ, մեկը դեմ, գոնե թող այդպես լիներ»,- ասաց նա:
Հարցին՝ Սերժ Սարգսյանի ելույթի քաղաքական մեսիջները որո՞նք էին, Պողոսյանը պատասխանեց. «Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի բոլոր ելույթները շատ լավն են, ինչը մենք նայել ենք, շատ լավ տեքստ է, այդ իմաստով, յուրահատուկ ձևով տարբերվում է մյուսներից, բայց ինձ թվում է, որ մենք բոլորս սովորել ենք, որ ելույթը, տեքստը և մեր իրականությունը կամ գործողությունները տարբեր բաներ են»:
Անդրադառնալով մեկ գիշերում 7000 հոգու՝ ՀՀԿ-ին անդամակցությանը՝ պատգամավորը նշեց, որ այդ մարդիկ ստիպողաբար են անդամակցել այդ կուսակցությանը: «Սա մեսիջ էր, թե նայեք, ես այս մարդն եմ, որ միայն իմ անունի հետ կարելի է 7000 անդամ ունենալ մեկ գիշերում»,- ընդգծեց Պողոսյանը: