Այսօր, չնայած ձյունածածկ ճանապարհներին, տարբեր մարզերից Երևան են եկել մի քանի տասնյակ անասնապահներ ու մսավաճառներ։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ դժգոհելով սպանդանոցային պարտադիր մորթի պահանջից։
Հիշեցնենք, որ նրանք պահանջում են նախ բավարար թվով սպանդանոցներ ստեղծել, ապա նոր պարտադիրի պահանջը կիրառել, նաև դժգոհում են կենդանիների տեղափոխման դժվարություններից, սպանդանոցների մատուցած ծառայությունների բարձր գնից։ Հանրապետությունում այս պահին 22 սպանդանոց կա, մարզեր կան, որտեղ, ընդամենը, մեկ սպանդանոց է։ Մսավաճառները պնդում են, որ եթե իրենց կարծիքը և առաջարկները հաշվի չառնվեն, ապա առաջիկայում տեղական մսի գինը կարող է բարձրանալ 800-1000 դրամով: Ընդհանրապես, անչափ տարակուսելի է այն քաղաքականությունը, որը անասնապահության ոլորտում որդեգրել է այս կառավարությունը: Կարծես թե, արվում է ամեն հնարավոր քայլ, որպեսզի տեղական արտադրողը տուժի, արդյունքում՝ դուրս գա շուկայից: Սակայն, ո՞ւմ է դա ձեռնտու: Պատասխանն էլ ակնհայտ է՝ ներմուծողներին:
Մեր դեպքում՝ ներմուծողին, քանի որ որոշ տվյալների համաձայն՝ Հայաստան ներկրվող մսի 40 տոկոսը բաժին է հասնում գործարար Սամվել Ալեքսանյանին: Այն, որ Ալեքսանյանը ցանկանում է մոնոպոլ դիրք գրավել նաև մսի շուկայում՝ գաղտնիք չէ, սակայն այսօր կառավարությունը անում է ամեն բան նրան այս հարցում օժանդակելու նպատակով: Բնավ չենք պնդում, որ այդ քայլերը արվում են նպատակամղված և գիտակցված են, սակայն արդյունքը դրանից չի փոխվում՝ Ալեքսանյանը շահած է դուրս գալու իրավիճակից, քանի որ սպառողը տեղական մսի թանկացման դեպքում կամա, թե ակամա նախընտրելու է էժան ներմուծվողը: Իսկ եթե կառավարությունը շարունակի նույն ոգով, ապա մենք, ընդհանրապես, կզրկվենք տեղական արտադրողից, քանի որ ֆերմերներին պարզապես բիզնես տեսանկյունից շահավետ չի լինի այդ գործունեությունը: Այս դեպքում Ալեքսանյանի շահույթը եռապատկվելու է կամ ինչու ոչ՝ նաև տասնապատկվելու: Հարց է առաջանում՝ արդյո՞ք կառավարությունը հասկանում է, որ ջուր է լցնում հայտնի օլիգարխի ջրաղացին՝ հարվածի տակ դնելով մի ամբողջ ոլորտ և էլ ավելի բարդացնելով սոցիալապես անապահով խավերի վիճակը, նպաստելով գնաճին…