ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները, կենսաբանական ակտիվ հավելումների շուկայում իրականացվող վերահսկողության շրջանակներում, դիտարկումներ են անցկացրել ԿԱՀ-եր ներմուծող «Մեդ Ալյանս» և «Մեդ-Պրոգրես» ՍՊ ընկերություններում՝ «Пеноксал® forte» և «PEN BG» կենսաբանական ակտիվ հավելումների նկատմամբ: Մինչ այդ էլ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Նատալի ֆարմ» «Ռիխտեր-լամբրոն», «Ալֆա ֆարմ իմպորտ» և «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ներին կարգադրագիր է տվել «Մոդիտեն դեպո ֆլյուֆենազին» (ֆլյուֆենազինի դեկանոատ) դեղի շրջանառությունը դադարեցնելու և շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։
Այս ամենը ուշագրավ է այն համատեքստում, որ Սամվել Ալեքսանյանը, կարծես թե, լրջորեն զբաղվում է դեղագործական ոլորտում իր գերիշխող դիրքն ամրապնդելով: Դեռևս երկու տարի առաջ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի դեղերի շուկայում հայտնի «Վագա Ֆարմ» ընկերությունը երկու տարի չի մասնակցելու պետական գնումների գործընթացներին: Դեղագործական այս ընկերությանը գնումների բողոքարկման խորհուրդը ՊՆ-ի միջնորդությամբ ներառել էր գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում: ՀՀ պաշտպանության նախարարությունը դեղորայքի ձեռքբերման հարցման ընթացակարգ էր կազմակերպել, ինչին հայտ էր ներկայացրել «Վագա Ֆարմ» ընկերությունը: Բայց ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը որակվել էին հրավերի պահանջներին չհամապատասխանող: Այս լուրը չէր կարող ուրախություն չպատճառել դեղերի շուկայում առկա մյուս խաղացողներին և հատկապես՝ Սամվել Ալեքսանյանին, ում «Նատալի Ֆարմ»-ն արդեն երկար ժամանակ դեմպինգի է ենթարկում, կամ փորձում է կլանել մյուս խաղացողներին: Սամվել Ալեքսանյանին այն ժամանակ չհաջողվեց կուլ տալ դաշտի խաղացողներից մյուսին՝ Ալֆա-Ֆարմ ընկերությանը: Թերևս Ալեքսանյանի համար հասկանալի է դարձել, որ «Ալֆա ֆարմ»-ի դեպքում ինքն անզոր է, քանի որ, ըստ որոշ տեղեկությունների, «Ալֆա ֆարմ»-ում ներդրումներ ունի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը. այս ընկերությանը կուլ տալ չի հաջողվել:
Սակայն, ինչպես երևում է, Ալեքսանյանը շարունակում է դաշտում մենաշնորհ հաստատելու փորձերը նաև այսօր, և այս հարցում նրան օգնության է հասնում հենց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ի դեպ, սա առաջին օգնությունը չէ Ալեքսանյանին, հիշենք թեկուզ այն հանգամանքը, որ պետպատվերի ամենամեծ պատվերն իջեցվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոնին, որը, ինչպես գիտենք, պատկանում է հենց Սամվել Ալեքսանյանին։ Եթե 2018-ին նա ստացել է 1 միլիարդ 579 միլիոնի պատվեր, ապա 2019-ին դա կրկնապատկվել է՝ 2 միլիարդ 641 միլիոն։