Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը օրերս միաձայն հավանություն տվեց Ազատ տնտեսական գոտիների մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին: Չնայած նախագիծը ընդհանուր բնույթ ունի և նվիրված չէ կոնկրետ մեկ ազատ տնտեսական գոտու կամ որևէ կազմակերպության գործունեության խրախուսմանը, բայց հիմնավոր կասկածներ կան, որ այս փոփոխությունը անհատականացված է։
 
Հայաստանի Հանրապետությունում կրիպտոարժույթի կիրառումը արգելված է, քանի որ Հայաստանում կա միայն մեկ օրինական վճարամիջոց՝ դրամը: Կրիպտոարժույթի մայնինգը տնտեսական գործունեության օրինական տեսակ չի համարվում, և չնայած կան տեղեկություններ, որ ինչ-որ մարդիկ զբաղվում են մայնինգով, բայց դա ընդհատակյա է: Իսկ եթե Ազատ տնտեսական գոտու մասին օրենքի փոփոխություններն ընդունվեն, ապա այդ գոտում միանգամայն օրինական կարելի է զբաղվել մայնինգով, ընդ որում՝ ազատված լինելով բոլոր տեսակի հարկերից: Իշխանությունները ցանկանում են շատ արագ կրիպտոարժույթի մայնինգի մենաշնորհ մտցնել։ Նրանք փորձում են որոշ օգտատերերի համար սահմանափակել մայնինգին հասանելիությունը՝ մյուս «ընտրյալների» համար արտոնյալ պայմանններ ստեղծելով։ Գաղտնիք չէ, որ մայնինգը կարող է պետության համար լրացուցիչ եկամտի աղբյուր դառնալ, եւ այդտեղ ոչ ոքի առաջ սահմանափակում չպետք է դրվի, եթե ցանկանում ենք, որ շուկան զարգանա:
 
Օրինագծի ներկայացմանը զուգահեռ տեղեկատվություն տարածվեց, որ ECOS-M ընկերությունը պայմանագիր է ստորագրել Հրազդանի ՋԷԿ-ի հետ՝ Հայաստանում Ազատ տնտեսական գոտու տարածքում 50 Մվտ հզորությամբ մայնինգ կենտրոնի կառուցման նպատակով էլեկտրաէներգիայի տրամադրման վերաբերյալ։ Կողմերը նաեւ պայմանավորվածություն են ձեռք բերել հզորությունները մինչեւ 200 Մվտ պոտենցիալ ավելացնելու շուրջ։ Ինչպես հայտնել է ECOS-M եւ «Հայկական բլոկչեյն համաժողով» ընկերությունների մամուլի ծառայությունը, մայնինգ կենտրոնը, որի հիմնական առավելություններից են՝ էներգիայի ավտոնոմ աղբյուրը, կառավարման արդյունավետ համակարգը եւ արտոնյալ հարկային պայմանները, ներկայում շինարարության փուլում է եւ կգործարկվի արդեն այս տարվա ապրիլին։ Այսքանից հետո պարզ է, որ այս մենաշնորհը հանձնվելու է հենց վերոնշյալ ECOS-M ընկերությանը: Քանի որ ազատ տնտեսական գոտին ստեղծվում է մի տարածքում, որը ընդգրկում է նաև Հրազդանի ՋԷԿ-ը, նշանակում է՝ Հրազդանի ՋԷԿ-ը ևս հայտնվում է այդ ազատ տնտեսական գոտում և նրա կողմից արտադրվող էլեկտրաէներգիան ևս ազատվում է հարկերից:
 
Գաղտնիք չէ, որ Հրազդանի ՋԷԿ-ը պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին: Հետաքրքիր զուգադիպությամբ, նմանատիպ մի օրենք էլ ընդունվել է վերջերս՝ Մերձդնեստրում, իսկ օրենքի պատվիրատուները ևս հայտնի են, ըստ ԶԼՄ-ի անցկացրած հետաքննության՝ խոսքը ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի որդու՝ Արտյոմի և նրա հայ կոմպանյոնների մասին է՝ ի դեմս «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի: Կրիպտոարժույթի մայնինգը համարվում է բավական էներգատար, բայց էլեկտրաէներգիան խնդիր չէ, գլխավորն այս մարդկանց համար, որոնց ձեռքին է գտնվում Հայաստանի ամբողջ էներգահամակարգը: Թերևս Սամվել Կարապետյանը լրջագույն մտադրություն ունի Հայաստանում ևս նմանատիպ օրենսդրական փոփոխությունների միջոցով ձեռք բերել մենաշնորհային դիրք՝ հիմա էլ կրիպտոարժույթի շուկայում:
 
Ստելլա Խաչատրյան