Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը պարտադիր կերպով սպանդանոցներում մորթ իրականացնելու կառավարության որոշման դեմ բողոքող անասնապահներին հորդորեց սպասել Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում վարչապետի կողմից առաջարկվելիք լուծմանը: Այս մասին Սարգսյանն ասաց անասնապահների հետ հանդիպման ընթացքում:
«Եկեք սպասենք վաղը 16:30-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում առաջարկվելիք լուծմանը: Եթե այն ձեզ չբավարարի, նորից կհանդիպենք»,- ասաց Սարգսյանը:
Հանդիպմանը ներկա էր նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը նշեց, որ հարցուպատասխանի ընթացքում կբարձրաձայնեն անասնապահների հարցերն ու մտահոգությունները:
Բողոքի ակցիա իրականացնողները առավոտյան փակել էին նաև Երևան-Արարատ ճանապարհը, որը, սակայն, այս պահին բաց է: Նրանց հետ հանդիպման էր գնացել մարզպետ Գարիկ Սարգսյանը, ով հորդորել էր դադարեցնել ակցիան մինչև 18:00-ն, ինչից հետո կարող են հանդիպել մարզպետարանի դահլիճում և քննարկել իրավիճակը: