Այս օրերին, տարածված տեղեկությունների համաձայն՝ մսի շուկայում թանկացումներ են սկսել: Մսավաճառների խոսքով՝ պատճառը կառավարության որոշումն է, որով հունվարի 15-ից Հայաստանում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ: Այս հանգամանքը մեծ դժգոհություն է առաջացրել թե՛ անասնապահների, թե՛ մսավաճառների շրջանում։
ԼՈՒՐԵՐ.com-ը փոքրիկ հարցում է անցկացրել Գումի շուկայում՝ պարզելու՝ արդյոք թանկացել է այստեղ վաճավող միսը, որքանո՞վ է թանկացել և ինչքանո՞վ է այն կապված սպանդանոցային մորթի անցնելու հետ: Անդրադարձել ենք նաև շուկայում մսի սակավության մասին խոսակցություններին:
«Բոլորս դեմ ենք սպանդանոցային մորթին. մենակ վախեցած մարդը կասի՝ չէ: Հենց անցնենք սպանդանոցային մորթի, մսի շուկայում թանկացումներ են լինելու. մսի ինքնարժեքը բարձրացել է: Շուկայի 70 %-ը չի աշխատում, որովհետև թանկով վերցնելու է միսը, չկարողանա վաճառել: Այս պահին կգ-ը 100-200 դրամով թանկացել է ու դեռ ավելի է թանկանալու: Տավարի միսը դարձել է ասետրինայի գնին՝ 3500 դրամ, արդեն չկա միս, մոռացե՛ք: Ոչ ոք չի մորթելու իր անասունին, ով էլ մորթեց էնպիսի գին ա ասելու, որ էստեղ չեն առնի: Նախորդ կառավարությունը քանդեց, սրանք՝ ավիրում են, ամբողջ հարցը էս ա: Թող թողեն մարդիկ աշխատեն թե՛ շուկայում, թե՛ գյուղում: Իրենց ընտրել ենք, որ լավ լինի, ոչ թե հակառակը»,- դժգոհում են մսավաճառները:
Մսավաճառներից մեկը մատնացույց արեց սպանդանոցային մսին ու ասաց, որ այն որակապես տարբերվում է ձեռքով մորթած մսից. «Մեր ձեռքով մորթածն ուրիշ է, սպանդանոցում մորթածի մեջ արյուն է մնում: Մի հատ ստացել եմ, տեսե՛ք, էս ի՞նչ ա, էլ չեմ ստանա»,- նշեց նա:
Հետաքրքրվեցինք՝ իրենց գոհացրե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, ըստ որի՝ պարտադիր սպանդանոցային մորթի որոշումը հետաձգվեց մինչև հուլիսի 1-ը, մսավաճառները նկատեցին, թե միևնույն է, սպանդանոցային մսի անցնելու դեպքում գնի բարձրացումն անխուսափելի է լինելու: Նրանց խոսքով՝ եթե սպանդանոցների քանակը չշատանա, մսի կգ-ը կթանակա 300-400 դրամով, քանի որ, եթե նախկինում 3000 դրամ էին տալիս մորթ անողին, այս պահին սպանդանոցում 10 000 դրամ է, դրան էլ գումարվում է անասունի տեղափոխման ծախսը:
Հատկանշական է այն՝ երբ կառավարությունը որևէ դրական բան է որոշում անել, որով կպնում է իշխանափոխության օրերին «դուխով» գոռացողների գրպանին, վերջիններս սկսում են դեմ կանգնել Նիկոլ վարչապետին: Մյուս կողմից էլ՝ եթե վարչապետի մակարդակով հայտարարվում է, որ գյուղացիների և անասնապահների բարձրացրած փաստարկներն արդարացի են՝ բավարար քանակի սպանդանոցներ չունենալու հետ կապված, ապա հարց է առաջանում՝ ինչու՞ այս կառավարությունը կարևոր որոշումներ կայացնելուց առաջ չի մտածում և դեռ հարց է՝ արդյո՞ք հուլիս ամսին կունենանք անհրաժեշտ քանակի սպանդանոցներ, թե՝ ոչ:
Առավել մանրամասն՝ տեսանյութում
Սոնա Հարությունյան
Լուսինե Մարդոյան