Գյուղացուն ուղղված' վարչապետ Փաշինյանի հորդորները մեծ աժիոտած են առաջացրել համացանցում, հատկապես, որ նմանատիպ մի արտահայտություն էլ արել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ իր պաշտոնավարման տարիներին: Նկատի ունենալով այս հանգամանքը, սոցցանցում զավեշտալի քննարկումներ են սկսվել՝ արձանագրելով, որ Փաշինյանը գնում է Տիգրան Սարգսյանի հետքերով և երկուսն էլ հայ գյուղացուն հիգիենայի պահպանման կանոններ են փորձում սովորեցնել:
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը տեղական կաթի որակից խոսելիս' ասաց. «ՀՀ-ում արտադրվող կաթը չի համապատասխանում չափանիշներին, որն անհրաժեշտ է բարձրորակ արտադրանք ստանալու համար, որովհետեւ մենք սովորել ենք, որ կաթը պետք է կթենք ձեռքով, ալյումինի դույլերով, ռեզինե սապոգներով, եւ այդ կաթի մեջ, պետք է անպայման գոմաղբի որոշակի ներկայություն լինի: Թրիքոտ կաթով հնարավոր չի բարեկեցություն ստանալ: Չի կարելի պահանջել, որ մթերողները թրիքոտ կաթը մթերեն»,- նշեց Փաշինյանը:
Իսկ ահա Տիգրան Սարգսյանը ժամանակին ցուցումներ էր տվել գյուղացուն՝ հայրենի կովերին առավել արդյունավետությամբ կթելու մասին. «Հարգելի գյուղացիներ, օրինակ դուք գիտեք, որ կով կթելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ, դույլի վրա մառլյա գցել, կովի կուրծքը տաք ջրով լվանալ, փափուկ սրբիչով չորացնել։ Սրանք տարրական կանոններ են»,- իրեն հատուկ մեղմ տոնով նկարագրել էր Տիգրան Սարգսյանը: Նկատենք, որ վերջինիս արտահայտությունը այն ժամանակ շոկ էր առաջացրել նաև Տիգրան Սարգսյանի կուսակից պատգամավորների մոտ:
Ստացվում է՝ նախկին վարչապետը կովերի համապատասխան օրգանները գոլ ջրով լվանալու սեմինարներ էր անցկացնում, իսկ Փաշինյանը՝ իր՝ «կովերին կթում են պտուկները գոլ ջրով լվանալուց հետո» արտահայտությամբ: