Չինաստանից ծանրոցները սպառնալիք չեն ներկայացնում մարրդկանց համար՝ չկա որևէ ապացույց, որ դրանց միջոցով կարելի է վարակվել 2019- nCoV կորոնավիրուսով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով «Ալիէքսպրես Ռուսաստան» ընկերության ներկայացուցչին։

Ավելի շատ տեղեկատվություն այդ մասին կարող է հայտնվել փակ նիստից հետո, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրավիրել է այդ վիրուսի և դրա տարածմանը դիմակայելու ուղիների քննարկման համար։

Չինական China Post փոստային ծառայությունը խոստացել է հատուկ ուշադրություն դարձնել ծանրոցներին, որոնք անցնում են Ուհան քաղաքի բաժանմունքով, հենց այնտեղ է սկսվել վարակի բռնկումը և հենց այնտեղ է գրանցվել վարակի դեպքերի մեծ մասը։ Այդ քաղաքով անցնող ծանրոցները խոստացել են լրացուցիչ ախտահանել։

Հիշեցնենք, որ անհայտ ծագումով պնևմոնիայի բռնկման մասին հայտնի էր դարձել 2019թ․ դեկտեմբերին։ Պարզվել է, որ պնևմոնիայի պատճառը 2019-nCoV կորոնավիրուսն է, որն, ըստ վերջին տվյալների, 17 մահվան պատճառ է դարձել։ Մահացու վիրուսով վարակման դեպքերի մեծ մասը գրանցվել է Ուհան քաղաքում։ Երկրի իշխանությունները փակել են այդ և երկու այլ քաղաքների ելքն ու մուտքը։ Բացի այդ, վիրուսի տարածման պատճառով հունվարի 25-ից կփակվի երկրի գլխավոր թանգարանային համալիրի՝ Պեկինում Արգելված քաղաքի (Գուգունի) հասանելիությունը։

Վարակման դեպքեր են գրանցվել նաև Չինաստանի սահմաններից դուրս՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում և Սինգապուրում։

med.news.am