Նիկոլ Փաշինյանի 2020-ի առաջին ասուլիսը Կապան քաղաքում էր և պետք է փաստել, որ ասուլիսի ընթացքում հարցերին տրված պատասխանները միայն ու միայն նոր հարցեր առաջացրին: Փաշինյանը մի շարք դիտարկումներ է արել կապված Հայաստանում Սորոսի գրասենյակի աշխատանքի հետ կապված, նշելով, որ այն գործել է դեռևս ՀՀԿ օրոք և ուղիղ տեքստով նախորդ իշխանություններին անվանել է պետական դավաճաններ:
Ո՞րն է տրամաբանությունը, եթե նախորդ իշխանությունները թույլատրել են կառույցի գործունեությունը, ուրեմն նորերն է՞լ պետք է թույլատրեին, առավել ևս, եթե այդ թույլատրության մեջ կան պետական դավաճանության տարրեր: Փաշինյանը նաև մոռանում է, որ ի տարբերություն իր կառավարության՝ նախորդները սորոսականներին բարձր պաշտոններ չէին տալիս և հարկերից չէին ազատում, առավել ևս նրանք ընդգրկված չէին իշխող կուսակցության հոգաբարձուների խորհրդի կազմում: Հաջորդ դիտարկումը վերաբերվում էր՝ քաղաքական առևտրի մեջ չմտնելու նոր իշխանությունների որդեգրած ուղեգծի հետ: Այդ դեպքում ինչպե՞ս ինքը' Փաշինյանը, կբացատրի համագործակցությունը նույն սորոսականների, նույն Սասնա Ծռերի հետ: Հայաստանում, պարզվում է, այլևս չկան արտոնյալ օլիգարխներ: Նախկինում վարչապետը պնդում էր, որ օլիգարխներ ընդհանրապես չկան: Այժմ այդ մոտեցումը փոխվել է, սակայն այստեղ էլ կարելի է չհամաձայնել: Թերևս Սամվել Ալեքսանյանը, կամ իշխանություններին մոտ կանգնած մյուս գործարարները այդ կարծիքին չեն, և համարում են իրենց դիրքը, առավել քան, արտոնյալ:
Փաշինյանը, պարզվում է, նաև տեղյակ չէ իր կադրերի անգործությունից՝ Վահե Գրիգորյանի աշխատանքի չգնալու և աշխատավարձ ստանալու հանգամանքը նա նոր է պատրաստվում ուսումնասիրել, մինչդեռ Գրիգորյանի ՍԴ կազմ ընտրվելուց անմիջապես հետո ողջ մամուլն էր թմբկահարում վերը նշված հանգամանքի մասին: Փաշինյանը նաև նշեց, որ կեղծվել են 1996, 1998 և մյուս թվականների համապետական ընտրությունները և ըստ նրա, այդ չարանենգ գործում իրենց դերն են ունեցել ՍԴ-ն և Հրայր Թովմասյանը: Մնում է հասկանալ, թե ինչ կապ ունեն, ասենք, 1996 թվականի ընտրությունների հետ ՍԴ-ն և Հրայր Թովմասյանը, հատկապես վերջինս, ով այդ տարիներին ընդհանրապես այլ պաշտոնի էր և ինչո՞ւ է մինչ օրս պահպանում իր պաշտոնը այն անձը, ում ընդդիմադիր Փաշինյանը անվանում էր երկրի թիվ մեկ ընտրակեղծարար՝ Տիգրան Մուկուչյանը: Փաշինյանը նաև ստիպված էր սրբագրել իր իսկ թերթի կողմից տարածված տեղեկատվությունը և պետական հեղաշրջման փորձը վերանվանել ռևանշիզմ: Սա խոսում է այն մասին, որ, առնվազն, այս փուլում վարչապետը պատրաստ չէ բաց հակամարտության մեջ մտնել Արթուր Վանեցյանի հետ:
Փաշինյանի ասուլիսը դեռ երկար կվերլուծեն, ինչպես ասում են՝ նյութը շատ է: Սակայն մի բան ակնհայտ է՝ այս պահին վարչապետը չտվեց հստակ պատասխաններ հանրությանը հուզող առանցքային հարցերին և Փաշինյանի պատասխանները այդ նույն հանրության մոտ ավելի շատ հարցեր են ծնում…