Հայաստանյան քաղաքական էլիտան նոր թրենդ է ձևավորել, այն է՝ միմյանց միջև քաղաքական-գաղափարական և նույնիսկ նեղ անձնական հարցերի քննարկումը տեղափոխել հանրային, հատկապես, սոցցանցային հարթակ: Դա ստեղծել է մի իրավիճակ, երբ հեղափոխությունից հետո և մինչ օրս էլ, գրեթե, յուրաքանչյուր օր համացանցում ականատես ենք լինում ներկա և նախկին պաշտոնյաների քաղաքական մենամարտերին: Բառացիորեն երեկ շարունակվեց իշխանություններ-Արթուր Վանեցյան «բաթթլը»: Այս անգամ էլ իրար դեմ գրառումներ էին կատարում Ալեն Սիմոնյանը և Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք միայն, որ Վանեցյանը հեղափոխությունից հետո համարվել է, այսպես կոչված, վանեցյանական թևից:
Նման «բաթթլները» սկսվել են վաղուց, հիշենք, թեկուզ Վիգեն Սարգսյան-Արմեն Գրիգորյան հայտնի բանավեճը, որը ծավալվեց սոցիալական ցանցում: Վիգեն Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ էր գրել, որում նշել էր, թե հիասթափվել է իր նախկին ուսանողի հարցազրույցից և երկու խորհուրդ էր տվել նրան։ Ի պատասխան այդ բաց նամակի՝ Գրիգորյանը գրել էր, որ Վիգեն Սարգսյանը մի թիմի անդամ է, որի կառավարման շրջանում Հայաստանից 370 000 քաղաքացի է արտագաղթել, 5 մլրդ դոլարով ավելացել է ՀՀ արտաքին պարտքը, 800 000-ից ավել քաղաքացի աղքատության մեջ է ապրել, և այս ձախողումների հետևանքով հայտնվել ենք ապրիլյան պատերազմում և կորցրել կյանքեր ու տարածք։ Հիշում ենք նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի գրառումը, որտեղ վերջինս հայտնել է, որ ամաչում է այն հանգամանքից, որ Հրանտ Բագրատյանը այդքան տարի շարունակ եղել է իր երկրի վարչապետը:
Անգամ սոցապնախարարությունում տիրող իրավիճակի հանգուցալուծումը տրվեց սոցիալական հարթակում: Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) պետի, արդեն, նախկին տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով ի լուր աշխարհի հայտարարել էր, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա: Նախարար Բաթոյանն էլ, հակառակ ծառայության պետի տեղակալի պնդումների, որ տեղ են գտել նրա գրառման մեջ, հայտարարեց, որ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանի և տեղակալ Արսեն Օհանյանի միջև լարվածությունն անձնական բնույթ չի կրում, բացառապես աշխատանքային է և սկիզբ է առել տեղակալի անպտուղ աշխատանքի հանդեպ պետի դժգոհությունից: Այս լարվածությունը և փոխադարձ մեղադրանքները հասան նրան, որ թե՛ Ղամբարյանը, թե՛ Օհանյանը հրաժեշտ տվեցին պաշտոններին:
Ֆեսբուքյան «ռազբորկաներից» անմասն չմնաց նաև ֆուտբոլի ոլորտը: Հիշեցնենք, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը հայտարարել էր, որ Մխիթարյանին պետք է զրկել ավաֆի թևկապից, քանի որ նա նույնպես պատասխանատու է Իտալիայից կրած ջախջախիչ պարտության համար։ Առաքելյանին ի պատասխան գրառում էր կատարել Մխիթարյանի մայրը, հայտարարելով, որ «Վարչապետի խորհրդական, ՀՖՖ պաշտոնյա Մեսրոպ Առաքելյանը չի հասկանում ֆուտբոլից ու կոպմետենտ չէ»,- ասել է Թաշչյանը։ Ադարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել՝ «Դատավոր Աննա Դանիբեկյանի շուրջ տեղի ունեցածը և դրա վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների գնահատականները ինձ հիշեցրին Աբրահամ Լինկոլնի հայտնի խոսքերը' երեսպաշտ կեղծավորն այն անձն է, ով սպանել է իր ծնողներին, բայց աղերսում է ողորմածություն' հիմնվելով այն բանի վրա, որ ինքը որբ է»: Արդարադատության ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանն էլ պատասխանել է նախկինում ԱՆ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, հայտարարելով, որ Կոռումպացված համակարգի արդարադատության ոլորտը ձախողած նախկին նախարարը պետք է, առնվազն, լռի: