Հայաստանի կառավարության նիստերի բովանդակությունն այնքան հեռու է քաղաքական օրակարգի առանցքային խնդիրներից, որ գործադիրի նիստերից հետո սովորաբար հիշվում են ոչ թե քննարկված և ընդունված կարևորագույն որոշումները, այլ վարչապետի և իր թիմակիցների հումորները կամ էլ մինի-բախումները, բռնկումները: Քննարկենք վարչապետի և իր թիմի անդամների ամենա թեժ բախումները, որոնք արձանագրվել են կառավարության նիստերի ընթացքում:
 
Դիցուք՝ կառավարության նիստերից մեկի ընթացքում վիճեցին Էդուարդ Աղաջանյանը և Արսեն Թորոսյանը, վեճի առարկան էլ՝ ծառայողական ավտոմեքենաներն էին: Փաշինյանը պաշտպանեց նախարարի տեսակետը:
 
Հաջորդ անգամ վարչապետը չէր հասկանում, թե ինչու է պետք միջնորդ ստեղծել արտասահմանյան դոնորի և բանկերի միջև։ «Այսինքն՝ ԾԻԳ-ը փակում ենք, ՓԲԸ ենք ստեղծո՞ւմ։ Մեր խնդիրն է փող ստանալ դոնորից և փոխանցել գյուղացիներին։ Ինչի՞ համար է միջնորդը։ Ինչո՞ւ միջոցներն անմիջապես չփոխանցել բանկերին։ Օրինակ` Կենտրոնական բանկի միջոցով։ Իսկ եթե այդ ընկերությունը խորհրդատվություններ է տալիս ֆերմերներին, ինչո՞ւ դա չի կարող անել հենց գյուղատնտեսության նախարարությունը։ Ի վերջո, ինչո՞ւ ստեղծել ևս մեկ կազմակերպություն», – բողոքում էր վարչապետը Ջանջուղազյանին և գյուղատնտեսության նախարարին։
 
Մեկ այլ նիստի ընթացքում էլ, երբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց Պետեկամուտների կոմիտեի 2020-2024 թվակաների զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին հարցը, Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագծին դեմ արտահայտվեց՝ շեշտելով՝ քանի դեռ հարկային համակարգի բարեփոխումները չկան, թե ինչպես պետք է իրականացվեն այդ քայլերը, պարզ չէ, թե ինչ ներդաշնակեցման խնդիր են լուծում։ Այս նիստի բունռ ընթացքը ապահովեցին հենց ֆինանսա-տնտեսական բլոկի ներկայացուցիչ այս երկու պաշտոնյաները:
 
Հաջորդ նիստին վեճի առարկան այլ էր, վիճողները՝ նույնը: Գյումրիի ավտոմաքսատան անվերջ շարունակվող շինարարությունն ավարտելու համար ՊԵԿ–ը դարձյալ գումար է պահանջում, ինչին դեմ էր ֆինանսների նախարարը: Վեճի հանգուցալուծումն էլ տվեց անձամբ վարչապետը: «Նախարարություններ կան, որ նույնիսկ ճիպոտով հնարավոր չէ տեղից շարժել։ Մեր բոստանն է, թող ոչ ոք մեր բոստանը չմտնի։ Այս տրամաբանությամբ կարելի է տարիներով սպասել ու ոչ մի տեղ չհասնել։ Այսօր աշխատող պետական համակարգ մենք պարզապես չունենք։ Մենք ունենք մեծ նախարարություններ` լիքը պարապ մարդկանցով, որոնց միակ կարիքն այն է` ժամը երբ է լրանում, որ տուն գնանք։ Եվ պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել։ Տվյալ դեպքում Հռոմի պապը ես եմ»,– ասաց Փաշինյանը։
 
Նիստերից մեկի ընթացքում էլ վիճեցին Նիկոլ Փաշինյանն ու տնտեսական զարգացման ու ներդրումների արդեն նախկին նախարար Արծվիկ Մինասյանը։ Կառավարության արտահերթ նիստում քննարկվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Որոշման նախագծին դեմ արտահայտվեց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ այդ գումարների 70 տոկոսը ներդրվել է Հայաստանում, բայց դրանց զգալի մասը ներդրվում է կարճաժամկետ պարտատոմսերում։ Այսինքն՝ ծառայում է բյուջեի կարճաժամկետ պակասորդի փակմանը և ոչ ավելին։ Նրա կարծիքով` պետք է քննարկումներ անցկացնել` լավագույն որոշումը գտնելու համար, և նա առայժմ չի կարող աջակցել այդ մոդելին։ «Ո՞ւ», — հարցրեց Փաշինյանը։ «Ու… ես դեմ եմ», — ասաց Մինասյանը։ «Եկեք հստակեցնենք` թիմային պատասխանատվությունը վերցնում ենք, թե չենք վերցնում։ Ես համաձայն չեմ անուղեղ գործողություններին»,- ասաց վարչապետը։«Ամեն դեպքում ես կկատարեմ այդ որոշումը», — ասաց Մինասյանը։ «Այլ կերպ չէր էլ կարող լինել։ Դուք դրանով ոչ մեկին լավություն չեք անում։ Ես նույնպես ժամանակին դեմ եմ քվեարկել կենսաթոշակային բարեփոխմանը։ Բայց հիմա այլ իրավիճակ է։ Եվ որոշումները պետք է միասին ընդունել», — առարկեց Փաշինյանը։ «Ուստի ոչ ոք չպետք է քվեարկի ընդունվող որոշումների դեմ», — հայտարարեց Փաշինյանը։
 
Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ պատգամավոր Փաշինյանը մեծ վեճ էր ունեցել այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ` մեղադրելով նրան ավտորիտարիզմի մեջ։ Փաշինյանը հայտարարել էր` Աբրահամյանը որոշումներ է ընդունում` չհարցնելով, թե ով է դեմ։