Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը չի վերացնում գործադիրի գործունեության թափանցիկությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանն ընդգծեց, որ կառավարության որոշումները հրապարակվելու են, իսկ իրենք առաջարկում են դռնփակ դարձնել կառավարությունում բուն հարցերի քննարկումը:
Դռնփակ նիստերը նաև կնպաստեն բանավեճերի ծավալմանը և չեն կաշկանդի արտահայտել կարծիքներ։ «Երբ կառավարության նիստերը դռնփակ էին, դրանք ընթանում էին 4-6 ժամ, իսկ հիմա դրանք առավելագույնը 1 ժամ են տևում, ինչը լրատվամիջոցների ներկայության պատճառով է, որոնք բուն խնդրից հեռանաում են՝ շեշտը դնելով սենսացիոն հայտարարությունների վրա։ Մենք շատ ավելի անկաշկանդ քննարկում կունենանք, եթե քննարկենք փակ սենյակում, ոչ թե տեսախցիկի առջև»,-ասաց նախարարը։
Հարությունյանը նաև ընդգծեց, որ կառավարության նիստերը դռնփակ իրականացնելու առաջարկ արվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, մինչդեռ վերջինս՝ ի տարբերություն ներկա վարչապետի, հրաժարվել է։ Հովիկ Աբրահամյանը մտահոգություն է հայտնել, որ հասարակությունն ու լրատվամիջոցները չեն ընկալի դա:
Կառավարությունը հավանության է արժանացրել «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է գործադիրի նիստերն անցկացնել դռնփակ: