ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը Ազգային ժողովում 2013թ. ՀՀ պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ներկայացրեց կառավարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները: «Ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել կառավարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները, ինչը մեզ հնարավորություն կտա հետագայում համատեղ աշխատել և հասկանալ, թե որակական ինչ փոփոխություններ են անհրաժեշտ: Կթվա, թե ես շեղվում եմ թեմայից, սակայն սա մեզ կօգնի, որպեսզի հետագայում բյուջեն ներկայացնելիս՝ կարողանանք նաև որակական գնահատականներ տալ կատարված աշխատանքներին»,- ասաց Հարությունյանը:

 

Նա ընդգծեց, որ կառավարության աշխատակազմը կարելի է պայմանականորեն բաժանել երեք խոշոր խմբերի: «Առաջին խումբն ամենաանհետաքրքիրն է, ամենաստանդարտը ցանկացած պետական կառավարման համար. դրանք են իրավաբանական վարչությունը, կադրերի վարչությունը և այլն»,- ասաց Հարությունյանը:

 

Ըստ նախարարի, երկրորդ խմբի վարչություններն ավելի հետաքրքիր են և այստեղ է, որ պետք է իրենք կենտրոնացնեն ուժերը, որպեսզի հնարավոր լինի դրանց համար որակական ցուցանիշներ մշակել: «Խոսքը վերաբերում է մի շարք ուղղություններով վարչություններին, մասնավորապես՝պետաիրավական, ֆինանսատնտեսական, սոցիալական և առողջապահության, բնապահպանության և տարածքային, արտաքին հարաբերությունների, Ազգային ժողովի կապերի և անձնակազմի հետ աշխատանքի վարչությունները»,- ասաց Հարությունյանը՝ պարզաբանելով, որ հարկավոր է հասկանալ, թե ինչով են զբաղվում այդ վարչությունները:

 

Նա ընդգծեց, որ երբ մշակվում է կառավարության որոշման նախագիծ կամ օրենքի նախագիծ, յուրաքանչյուր մշակող այդ ամենը շրջանառում է մյուս նախարարություններով: «Երբ ստանում է և ձևավորում է իր կարծիքը, որտեղ կարող են լինել նաև հակառակ տեսակետներ, այստեղ է, որ վերը նշված վարչություններն իրենց վրա են վերցնում հիմնական բեռը, փորձում են ոչ միայն հասկանալ այն հակասությունները, որ առկա են տարբեր մարմինների կարծիքներում, այլև հրավիրել օրենքի հեղինակներին և քննարկումների արդյունքում փորձել վերջ դնել այդ հակասություններին»,- ասաց Հարությունյանը:

 

Նա ընդգծեց, որ վերը նշվածն աշխատանքի միայն առաջին փուլն է, և երբ այդ փուլն ավարտվում է, խնդիրը տեղափոխվում է մեկ այլ փուլ, որը նախարարական կոմիտեն է: «Մենք ունենք 4 նախարարական կոմիտե, որոնցից յուրաքանչյուրն իր ուղղությամբ քննարկում է հարցը: Այստեղ հրավիրվում են բոլոր այն նախարարները, որոնք ճյուղային են, և այն նախարարները, ովքեր օրենքի նախագծի հետ կապված ինչ-որ ասելիք ունեն: Նրանք փորձում են ձևավորել կոնսենսուս, սակայն այստեղ որևէ քվեարկություն չի լինում: Եթե կոնսենսուս եղավ, ապա քննարկվող հարցն ավտոմատ մտնում է կառավարության նիստի օրակարգ, իսկ եթե չեղավ կոնսենսուս, հարցով զբաղվում է վարչապետը, և այն կրկին տեղափոխում է կառավարության նիստ»,- նշեց Հարությունյանը:

 

Երրորդ կարևոր բլոկը, ըստ նախարարի, տարբեր ՊՕԱԿ-ներն են, ԾԻԳ-երը, հիմնադրամները, ՓԲԸ-ները, որոնք գործում են կառավարության աշխատակազմի ղեկավարության ներքո: