ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ազգային Ժողովում ներկայացրել է այն երեք հիմնական ուղղություննները, որոնք պետք է հաշվի առնել դեղերի որակը քննարկելիս: Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հարցին, Մուրադյանը նշեց: «Դեղերի որակի նկատմամբ վերահսկողությունն իրականա ցնում է Առողջապահության նախարարության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, և դրանց որակը քննարկելիս՝ երեք հիմնական ուղղության կա»,-ասաց Մուրադյանը:

 

Առաջին դեպքում ստուգվում են դեղերի բաղադրիչները, քանի որ դեղը կարող է լինել օրիգինալ դեղամիջոց կամ դրա կրկնօրինակը: «Երկրորդ դեպքում պետք է հաշվի առնել արդյունավետությունը: Եվ այդ արդյունավետությունը ևս պետք է համապատասխանի ներկայացված բոլոր չափանիշներին, որ ներկայացվում է փաստաթղթերով»,- ասաց նա՝ հավելելով, որ դեղերը Առողջապահության նախարարության համապատասխան գործակալությունում պարտադիր լաբորատոր փորձաքննություն են անցնում:

 

Երրորդ կարևոր բաղադրիչը դեղերի անվտանգությունն է: Նախարարը նշեց, որ անվտանգության ստուգումն ուղղակիորեն կապված է առաջին բաղադրիչի՝ այսինքն դեղերի բաղադրիչների ստուգման հետ:

 

Անդրադառնալով չգրանցված դեղերի վաճառքի վերաբերյալ պատգամավորի հարցին՝ նախարարը նշեց, որ այս խնդիրը կա և հնարավոր չէ դա հերքել: «Դեղերի մասին նոր օրենքով, որը մոտ օրերին կմտնի շրջանառության մեջ, պետք է ավելի իրատեսական մոտեցումներ լինեն: Ներկայում գործող օրենքով էլ հստակ սահմանված է, որ վաճառվող դեղերի մեծամասնությունը պետք է վաճառվեն միայն դեղատոմսերի միջոցով, սակայն այս պահին դեղատոմսի միջոցով ոչ մեկ դեղ չի գնում: Սա բավական լուրջ խնդիր է, և մենք բազմաթիվ անգամներ քննարկել ենք այս հարցը, թե ինչպես անենք, որ այս խնդիրը կարգավերենք, որովհետև սա բավական լուրջ աշխատանք է պահանջում, և ծանր գործընթաց է»,- ընդգծեց նախարարը:

 

Նա նշեց, որ դեղերի մասին նոր օրենքի Ազգային ժողովում ընդունումից հետո նախարարությունը դեղերի գրանցման գործընթացը կարգավորելու է հիմնական երեք ուղղություններով: Մուրադյանի խոսքով' առաջին հերթին ուշադրություն է դարձվելու կյանքի համար վտանգավոր դեղերի վաճառքի վրա, ինչպես նաև դեղատներում վերահսկողություն է սահմանելու, որպեսզի դեղերը վաճառվեն միայն դեղատոմսերով: