Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը 2016թ. իրականացվել է հիմնականում երկու ուղղություններով՝ անհատական դեպքերի քննարկման, ինչպես նաև կանխարգելիչ գործունեության իրականացման հիման վրա: Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով «2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը: «Ընդ որում, այդ աշխատանքը իրականացվել է օրենքով Մարդու իրավունքների պաշտպանին վերապահված լիազորությունների շրջանակին խիստ համապատասխան: Առաջինը իրավունքների և ազատությունների պահպանմանը հետևելը, իսկ խախտման դեպքում դրանց վերականգմանը նպաստելն է անհատական դեպքերի քննարկման միջոցով: Այս բոլոր դեպքերով անհատական մոտեցման պայմաններում, ինչպես նաև կոնկրետ բողոքների, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ սկսված ուսումնասիրությունների շրջանակներում ուսումնասիրվել են կոնկրետ իրավունքների խախտման մասին վկայող հանգամանքները, ձեռնարկվել են օրենքով պահանջվող միջոցներ իրավունքի խախտման փաստը գնահատելու և վերականգման ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Այս ուղղության շրջանակում մշտական աշխատանք է տարվել քաղաքացիների հետ»,- նշեց Արման Թաթոյանը:
Նա ներկայացրեց վիճակագրական մի շարք տեղեկություններ, որոնք հնարավորություն կտան պատկերացում կազմել ՄԻՊ աշխատանքի թվային տվյալների մասին: Թաթոյանի խոսքով՝ ներկայացված տվյալները օբյեկտիվ կերպով արտացոլում են 2016թ. միայն 10 ամիսների գործունեությունը: «2016թ. ընթացքում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ իրավունքների ենթադրյալ խախտման մասին վկայող 5113 դեպքերով: Սրանից 1072-ը վերաբերում է գրավոր բողոքներին և սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկու,ներին: 4041-ը վերաբերում է բանավոր բողոքներին: Դրանից 1720-ը միայն ստացվել է թեժ գծին ուղղվող հաղորդումների միջոցով: Արագ արձագանքման հաճախ շուրջօրյա այցերի թիվը կազմել է 201, իսկ կանխարգելման ազգային մեխանիզմի դեպքում՝ 253»,- ասաց Թաթոյանը:
Նա հավելեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երկրորդ ուղղությունը կանխարգելիչ քայլերի իրականացումն է: «Այս գործառույթի հիման վրա զարգացվել են գործունեության նոր ուղղություններ: Գործունեության նշածս երկու ուղղություններն առանց մեկը մյուսի չեն կարող գոյություն ունենալ: Դրանք պետք է լրացնեն միմյանց: Միայն այդ ուղղությունների զուգակցված իրականացումը կարող է Մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն տալ հասնել իրական արդյունքի՝ նպատակ ունենալով բացառել պետական և տեղական ինքնակառավարման որևէ մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը»,- նշեց Արման Թաթոյանը: