«Փաստ» օրաթերթը գրում է.
Օրերս Հայաստանում տեղի է ունեցել բավական կարևոր նշանակություն ունեցող քննարկում: «Բի-Դի-Օ Արմենիա» (BDO Armenia) ընկերության նախաձեռնությամբ Երևանում կայացել է «Բնապահպանական, սոցիալական և կառավարչական սկզբունքներ. բիզնեսի համար հնարավորությունների բացահայտում» խորագրով մեկօրյա տարածաշրջանային կոնֆերանսը, որի ընթացքում պանելային քննարկումներ են տեղի ունեցել տարբեր ոլորտներ ներկայացնող հայաստանյան և միջազգային ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կոնֆերանսի ընթացքում խոսնակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն իր ելույթում նշել է, որ ժամանակակից բիզնեսն այն հարթության վրա է գտնվում, որ միայն հարկ վճարելը բավարար չէ: Պետք է նաև հասկանալ՝ արտադրելիս արդյոք հետևե՞լ ես էթիկայի կանոններին, թե՞ ոչ: Ըստ Արմեն Ստեփանյանի, ԶՊՄԿ-ն կայուն զարգացման բիզնեսմոդել է, որի էության հիմնական բաղադրիչներն են՝ բնապահպանական, սոցիալական և կառավարչական մոտեցումները: «Սրանք են կայուն հիմքերը, որոնց վրա կառուցված է բիզնեսը:
Եվ ԶՊՄԿ-ի կարևորագույն բաղադրիչներից է նաև աշխատողների ապահովագրումը: Այս բիզնես-մոդելին չհետևելը կդառնա բիզնեսից դուրս մնալու պատճառ»,- եզրափակել է Զանգեզուրի ՊՄԿ կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը: