Կառավարության նպատակները շարունակում են նույնը մնալ. կարող են փոխվել առաջնահերթությունները: Այս մասին Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում նշց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: «Կարող են փոխվել նաև նպատակները և առաջնահերթությունները կյանքի կոչելու եղանակները, սակայն, ընդհանուր առմամբ, նպատակները նույնն են»,- ասաց Հարությունյանը:

 

Հարցին, թե որոնք են լինելու այն առաջնահերթ խնդիրները, որոնք կառավարությունը պետք է լուծի, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ դժվար է որևէ խնդիր առանձնացնել: «Առաջին հերթին կառավարությունը պետք է աշխատի բաց և կարողանա համագործակցել հասարակության տարբեր շերտերի հետ, ինչի մասին նորանշանակ վարչապետն արդեն խոսել է: Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախորդ կառավարության նպատակները մնալու են, իսկ աշխատելաոճը կարող է փոփոխությունների ենթարկվել:

 

Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու հանգամանքին՝ Դավիթ Հարությունյանը նշեց, որ նա ունի հմտություններ, որոնք համալսարաններում չեն ձեռք բերում: «Այդ հմտությունները շատերին չի հաջողվի ձեռք բերել, և դրանց շնորհիվ նա կարող է հաջողությունների հասնել»,- ասաց Հարությունյանը:

 

Հարցին, թե որոնք են այդ հմտությունները, Հարությունյանը նշեց, որ դրանք են բազմաթիվ տարբերակներից շատ հաճախ ենթագիտակցորեն ամենաարդյունավետի ընտրությունը, պահանջկոտությունը ու նաև քննարկումներ կազմակերպելու կարողությունը: «Հովիկ Աբրահամյանի շնորհիվ հակադիր կարծիքներ ունեցող մարդիկ շատ հաճախ կարողանում են ընդհանուր մոտեցման գալ, որը նաև արդյունավետ է դառնում»,- ասաց Հարությունյանը:

 

Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստերում հաստատվել է Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 13-ին ստորագրել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին հրամանագիր: Ըստ ՀՀ Սահմանադրության' կառավարությունը պետք է ձևավորվի վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում: