ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով Սահմանադրական Դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մասին, կարծիք հայտնեց, որ այն, ինչ արվում է այսօր իշխանության կողմից, ուղղված է ոչ այնքան Հրայր Թովմասյանի կամ ՍԴ-ի դեմ, այլ հենց Սահմանադրության դեմ. «Նման վարքագծով խայտառակվում է պետությունը, բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվում»:  

Քաղաքական գործիչը ընդգծում է, որ նման իրավիճակում, իր ցանկությունն այն է, որ մեր պետության վարկը շատ չընկնի և իշխանությունը վերջապես կանգ առնի, քանի որ այդպիսով հեղինակազրկում է մեր պետությունը:

 

«Վենետիկի հանձնաժողովի նախագահի զեկույցն ուղղված էր իշխանություներին, ուղղակի, շատ դիվանագիտորեն՝ օգտագործված էր «կողմերին» բառը: Ուղղված է հիմնականում իշխանությանը, քանի որ, ըստ էության, իշխանությունն է խաթարել մեր պետության սահմանադրության անվտանգությունը: Եվրոպացիներն ասում են, որ մեր պետության մեջ տեղի են ունենում գործընթացներ, որոնք վտանգում են մեր պետության սահմանադրությունը»,- ասաց նա:

 
 

«Նրանց ձեռագրին ծանոթ լինելով՝ ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի, քանի որ այսօր կա միայն մեկ իշխանություն՝ մեկ անձով՝ Նիկոլ Փաշինյանի: Դժվար է ասել, թե նա կանսա, ականջալուր կլինի եվորպացիների խոսքերին: Դժվարանում եմ ասել, քանի որ նա երբեք չի լսում, թե իրեն ինչ են ասում: Նա ուշադրություն չի դարձնում որևէ բանի վրա»,- ընդգծեց Հակոբյանը:

 

Քաղաքական գործչի խոսքով՝ Փաշինյանն այն մարդն է, ով հրահանգել է դատարանները շրջափակել, որը պետական հանցագործություն է: Փաշինյանն այն մարդն է, ով ՊԵԿ-ի աշխատողին միանգամից ազատեց աշխատանքից, այն դեպքում, երբ ունենք աշխատանքային օրենսգիրք. «Նման ձեռագիր ունեցող մարդուց ամեն ինչ սպասելի է: Նկատենք, որ ամբողջ իշխանությունը ձևավորել է ինքը: Եվ այսօր, շատ շահարկում է այն փաստը, որ առանց իրեն, նրանք  խորհրդարանում չէին հայտնվի, առանց իրեն նրանք կառավարության անդամ չէին դառնա: Ձեռագիրը շատ վտանգավոր է, նրանից ամեն ինչ սպասելի է»: