«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Հրայր Թովմասյանին չեզոքացնելու ճանապարհին երեկ հանգեց սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը։ Սակայն եթե անգամ հաջողվի շրջանցել Սահմանադրական դատարանի համաձայնությունը, այնուամենայնիվ, Սահմանադրությունն ինքնապաշտպանության եւս մեկ մեխանիզմ է սահմանել, որը շրջանցել չի հաջողվի։
Ըստ Սահմանադրության 207-րդ հոդվածի՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը: ՀՀ-ում, վերջին տվյալներով, քվեարկելու իրավունք ունի 2 մլն 574 հազար 916 մարդ, որի մեկ քառորդը կազմում է 643 հազար 729 ձայն։ Այսինքն, որպեսզի հանրաքվեն ավարտվի ցանկալի ելքով, իշխանություններին հարկավոր է ստանալ մոտ 650 հազար ձայն։
Համեմատության համար նշենք, որ 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ հեղափոխական էյֆորիան պիկի էր հասել, իշխանությունը հավաքել է 884 հազար 849 ձայն։
Բայց պետք է հաշվի առնել ոչ միայն այն, որ համապետական ընտրություններին մասնակցությունը միշտ ակտիվ է, իսկ Փաշինյանի ռեյտինգն էլ օր-օրի նվազում է, եւ դժվար է պատկերացնել, որ 650 հազար մարդ կմասնակցի հանրաքվեին եւ կողմ կքվեարկի իշխանությունների նախաձեռնած փոփոխություններին, որոնցով ոչ թե սուպերվարչապետական համակարգն է փոխվելու, այլ ընդամենը ՍԴ գործող կազմից են ուզում ազատվել»: