Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանի դիտարկմամբ' ներկայիս կառավարման կիսանախագահական մոդելով հանրապետության նախագահը պետք է ոչ միայն ուղղակի ընտրված լինի, այլև վայելի պառլամենտական մեծամասնության աջակցությունը, որը թույլ չի տալիս կառավարման համակարգում ընտրել զսպումների, հակակշիռների արդյունավետ մեխանիզմ: Այս մասին Հրայր Թովմասյանը ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ հանրային քննարկման ժամանակ:
«Մենք, միշտ խոսելով մեր մոդելի մասին, ասում ենք, որ Հայաստանին պետք է ուժեղ նախագահ: Հիմա տեսնենք, թե որտեղից է այդ ուժը նրան: Ներկայիս կիսանախագահական մոդելով ուժեղ նախագահ ունենալու համար պետք է նա ընտրվի և ունենա մեծամասնություն պառլամենտում: Հակառակ պարագայում մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ հարևան Վրաստանում, երբ նախագահը կարող է սպասարկող մեքենա չունենալ, նրա աշխատակազմի գազամատակարարումը կարող է անջատվել պառլամենտական մեծամսնության որոշմամբ: Մենք տեսանք, որ այդ համակեցության կանոնների պարագայում, երբ տարբեր քաղաքական ուժեր էին հանրապետության նախագահը և պառլամենտական մեծամասնությունը, շատ թույլ նախագահի հետ գործ ունենք: Այսինքն' ուժեղ նախագահը պետք է ունենա նաև պառլամենտական մեծամասնության աջակցությունը, այլապես շատ թույլ նախագահի մասին կլինի խոսքը»,-ասաց Հրայր Թովմասյան ը:
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի խոսքով էլ' կիսանախագահական կառավարման համակարգը, ինչպիսին ամրագրված է ներկայում գործող ՀՀ Սահմանդրությունում, առաջ է բերում մի շարք խնդիրներ: «Խնդիրներից առաջինը քաղաքական պատասխանատվության բացակայությունն է և գործադիր իշխանությունում համակարգային ամբողջականության բացակայություն, այնուհետև քաղաքական մենիշխության հիմնախնդիրն է, երրորդը' պետական իշխանության գերկենտրոնացումը, որը երկրորդի ածանցյալն է, հետևանքը: Չորրորդն էլ համակեցության խնդիր, երբ նախագահն ու պառլամենտը տարբեր ուղղության կողմնակիցներ են և չկան ինստիտուցիոնալ լուծումներ այդ հակամարտությունները լուծելու համար»,-նշեց Վարդան Պողոսյանը:
Զեկուցողների խոսքով' հաշվի առնելով այդ խնդիրները, առաջացել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու անհրաժշետությունը: «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը ցույց է տվել այս մոդելի բացասական կողմերը, ինչպես նաև, թե ինչ է պետք անել համակարգի շրջանակներում, որ այն մոտենա դասական կիսանախագահական համակարգին: Չնայած դրանով էլ ինքնին խնդիրը չենք լուծելու, այդ առաջարկները կարող են մեղմացնել բացասական հետևանքները: Դրանով է պայմանավորված, որ հանձնաժողովն առաջարկել է պառլամետական կառավարման ձևին անցնելու հնարավորությունը»,-փաստեց Հրայր Թովմասյանը:
«Այս կամ այն մոդելի ընտրություն պետք է կատարեն քաղաքական ուժերն ու ՀՀ նախագահը: Մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակը պետք է կարողանանք օգտագործել քննարկումներ իրականացնելով և համապատասխան առաջարկություններ ստանալով, որոնք ամփոփելով հանձնաժողովը ցանկանում է վերջնական որոշում կայացնել' հստակ լուծումներով' առանց այլընտրանքների»,-հավելեց Վարդան Պողոսյանը:
Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ մայիսի 20-ից մեկնարկել է հանրային քննարկումների շարքը: Մայիսի 21-ին քննարկումն ընթանում է «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման հարցը սահմանադրության լուծումներով» թեմայով:
Քննարկումը կազմակերպվել է ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի հետ համագործակցությամբ: