Փաստաբան Գոռ Միքայելյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ինչպես և կանխատեսել էի Բավրայի մաքսատան հերթափոխի պետին արգելանքի տակ պահելու առավելագույն ժամկետը՝ 72 ժամը, լրանալուց հետո ապօրինի բաց չթողնելը ընդամենը մեկ նպատակ էր հետապնդում՝ վերջինիս ցանկացած ապօրինության միջոցով կալանավորել։
Պարզվում է Քննիչը կալանավորման նոր միջորդություն է ներկայացրել Դատարան, որն էլ "լրիվ պատահական" մակագրվել է քննիչների եւ դատախազների որոշումները դակող դատավոր Մնացական Մարտիրոսյանին /Կենտրոն նստավայր/՝ այն պայմաններում, երբ 08.02.2020թ-ին Երևան քաղաքում հերթապահ դատարանը Ավան նստավայրն էր, իսկ 09.02.2020թ-ին Շենգավիթ նստավայրն է։
Այն որ ՀՀ Վարչապետի վաղաժամ հայտարարությունից հետո ԱԱԾ-ն դիմելու է ցանկացած ապօրինության՝ ակնհայտ էր, բայց որ այս ապօրինություններին «հանցակից» կդարձնեն նաև Դատարանին դա արդեն անսպասելի էր։
Հետաքրքիր է ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումը կատարվող «օրինական» ու «թափանցիկ» այս պրոցեսների վերաբերյալ։
Հ․Գ․ Կրկին պնդում եմ, որ կալանավորման նոր միջնորդության ներկայացումը, դրա մակագրման ընթացակարգը չի կարող լինել օրինական, բայց եթե վարույթն իրականացնող մարմինն ընդունակ է կոպտորեն խախտելու անձի ազատության իրավունքը, ուրեմն արդեն սպասելի է նաև կալանավորման ապօրինի միջնորդության ներկայացումը, ինչպես նաև հենց այդ դատավորի կողմից այն ապօրինի բավարարելը»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բավրա մաքսակետի հերթափոխի պետին կալանավորելու միջնորդությունը մերժվել է: