Ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գևորգ Բաբայանը 100-150 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է ձեռք բերել։ «Աջափնյակի թաղապետը լռիվ Սաշիկը ու Յաշիկը խառնելա իրար»,- տեսանյութին կից գրել էր Նիկողոսյանը։ Ավելին՝ այս հարցով վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն։  

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Գևորգ Բաբայանն ասաց, որ հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել՝ կեղծ հայտարարությունների հիմքով․ «Քաղաքացի Արսեն Նիկողոսյանը գրավոր հաղորդում է տվել ոստիկանություն։ Վերջինիս կողմից անցկացված նախնական հետաքննությամբ պարզվել է, որ Արսեն Նիկողոսյանի տված հայտարարությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։ Անգամ քրեական գործ չի հարուցվել՝ ցուցմունքի հետ կապված։ Քրգործ հարուցելը կարճվեց, իսկ ինձ համար տարօրինակ մնաց, թե ինչու կեղծ ցուցմունք տալու համար այդ անձը պատասխանատվության չենթարկվեց»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։ 

 
Անդրադառնալով 100-150 հազար դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելուն՝ Գևորգ Բաբայանը նշեց․ «Եղբորս համար մեր ընտանիքը նախաձեռնել է տուն կառուցել, 2015 թվականին՝ դեռևս նախկին վարչական շրջանի ղեկավարի օրոք, ստացել ենք շինթույլտվությունը։ Մինչև 2018թ․ հեղափոխությունը շինարարական աշխատանքները, գրեթե, ավարտված էին, մնացել էին ներքին հարդարման աշխատանքները ու հեղափոխությունից հետո նոր գործողություններ չեն իրականացվել»,- նշեց նա։ 
 
Բաբայանը չկարողացավ հստակ նշել, թե որքան գումար է ծախսվել տան կառուցման համար, միայն նշեց, որ մոտավորապես 35 դոլարի չափ ծախսած կլինեն։ Նրա խոսքով՝ եթե հենց այս պահին գնորդ լինի, 50 000 դոլարով էլ կվաճառեն։
 
«Ես և մյուս վարչական շրջանների ղեկավարները արդեն չենք զարմանում կեղծ ինֆորմացիաներից, հետևաբար կեղծ լուրեր տարածողներին կխնդրեի այնպիսի նոր բան անել, որը մեզ կզարմացնի և կանհանգստացնի»,- կատակեց Բաբայանը։