«Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծն արդեն ամիսներ շարունակ քննարկվում և ենթարկվում է փոփոխությունների շահագրգիռ կողմերի, Առողջապահության նախարարության և օրենսդիրի կողմից: Օրենքի նախագծի առավել քննադատված կետով ամրագրվում է ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում: Մարդիկ դեմ են լիցքաթափման մի քանի ժամն ընդմիջել և ծխելու համար, հարմար միջավայրը թողած, դուրս գալ ծխելու: Աժ առավել երիտասարդ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ զրուցել ենք օրենքի նախագծի մասին:
«Նախագծով առաջարկվող փոփոխություններին ես միանշանակ դրական եմ նայում: Սա մեր ամբողջ թիմի քաղաքական որոշումն է և Առողջապահության նախարարության ռազմավարական ծրագիրը: Երկար քննարկված, երկար ներկայացված և դանդաղ մատուցված օրենք է, որի կտրուկ արգելքները ժամանակի ընթացքում են կիրառելի դառնալու: Այս աստիճանական անցումը վստահ եմ' կմեղմացնի ծխողների դժգոհությունը»:
Պատգամավորը պնդում է՝ բոլոր ծխողներն էլ հոգու խորքում գիտեն' ծխախոտն ինչպիսի ազդեցություն է ունենում, ինչ վտանգներ է պարունակում: «Ծխողները միտումնավոր չեն վնասում իրենք իրենց և կամ իրենց շրջապատողներին, և հենց այս օրենքը կօգնի կանխել վնասները»: Ղազարյանի խոսքով, եթե ծխելն այդքան անհագ ցանկություն է, ապա ծխողը կթողնի ամեն ինչ և դուրս կգա ծխելու: «Երեկոյան ակումբներ, փաբեր մարդիկ գնում են լիցքաթափվելու, դա հասկանալի է, իսկ ծխելու ցանկությունը բավարարելու համար մի քանի քայլ կարելի է անել և ծխել դրսում: Ես մի բան կարող եմ հաստատ ասել' ներսում նստած մարդը ավելի հաճախ կծխի, քան, որ ծխելու համար ստիպված լինի անընդհատ դուրս գալ: Ներսի միջավայրն է տրամադրում ծխելու: Սա քաղաքակրթական հարց է, սա փոփոխություն է, քայլ դեպի նոր, ավելի առողջ հասարակություն»: