Մեր զինվորն այսօր կանգնած է վատ պայմաններում՝ գնդակի տակ ու պարզ չէ, թե որ կողմից է այդ գնդակը ստանալու։ Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը, ով համակարգում է բողոքի ցույցը։
Հավաքված քաղաքացիները պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ուժային կառույցների ղեկավարների՝ ԱԱԾ տնօրենի, գլխավոր դատախազի, Ռազմական ոստիկանության պետի, Պաշտպանության նախարարի, Քննչական կոմիտեի ղեկավարի, ՀՔԾ պետի հետ, որպեսզի այս պաշտոնատար անձինք բացատրություն տան, թե ինչո՞ւ են մեր զինվորները զոհվում բանակում։
«Տարօրինակ բաներ են կատարվում։ Չես հասկանում, թե ինչի արդունքում են զոհ դառնում ներսում և ոչ թե թշնամու գնդակից։ Հեղափոխության օրերին, թեև մտածում էինք՝ ինչեր կկատարվեն սահմանին, սակայն արտառոց ոչինչ էլ չէր կատարվում։ Հեղափոխությունից հետո, երբ անկայուն, երերուն էր իրավիճակը, այդքան զոհեր չէին լինում, որքան վերջին 40 օրվա ընթացքում»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ նախարարը, ռազմական ոստիկանության պետն անձամբ պետք է գնան այն զորամասեր, որտեղ սպանության դեպքեր են գրանցվել. «Պետք է գնային ամեն զորամաս, որտեղ սպանություն եւ ինքնասպանություն է եղել ու մինչեւ այդ գործը չբացահայտվեր, տուն չգային, տեղաշոր չմտնեին։ Կան զորամասեր, որոնց մասին մենք երբեք չենք լսել, որովհետեւ այդ զորամասերում չեն լինում այսպիսի խնդիր»,- նշեց Կարապետյանցը։