Հունիսի 13-ին Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում տեղի կունենա Յարխուշտայի 1-ին փառատոնը, որը կդառնա ամենամյա: Այս մասին վարչապետ Փաշինյանը հայտարարեց երեկ՝ խորհրդակցությունից հետո: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանի հետ:

«Քանի որ սա առաջին փառատոնն է, բնականաբար, թերացումներ կլինեն, որոնք ընթացքում կկարգավորվեն: Ամենակարևորն այն է, որ կանգ չառնենք մեկ պարի վրա, նույնիսկ ընդհանրապես պարի վրա չկենտրոնանանք, այլ ազգային մշակույթը զարգացնենք, նրան պատշաճ վերաբերմունք ցույց տանք: Այս տեսանկյունից շատ կարևոր է առաջին քայլը, որպեսզի այս փառատոնը բարձր որակով անցնի և ճիշտ կազմակերպվի»,- ասաց նա:

Գինոսյանի խոսքով՝  կարևոր է ոչ այնքան այս ամենի արտաքին տեսքն ու փայլը, որպեսզի ինչ-որ մարդիկ «փայլփլուն» բաներ տեսնեն, այլ՝ հոգևոր-գաղափարական պարունակությունը, ինչպես նաև սերունդներին ուղղված ասելիքը:

«Եթե մենք մեր սերնդին ուղղված ասելիք ունենանք, արտասահմանյան  տուրիստներն ու մյուսները վստահաբար կընկալեն: Մենք հաճախ փորձում ենք ուրիշներին դուր գալ, ինչի արդյունքում մեր դեմքն ենք կորցնում: Կարծում եմ շատ կարևոր է սեփական նկարագիրը չկորցնել և չդիմակավորվել, որպեսզի ավելի լավը երևանք, այլ աշխատենք լինել այն՝ ինչ կանք»,- շեշտեց նա:

Գինոսյանն ընդգծեց, որ ավելի քան վստահ է՝ այն մշակույթը, որը կրում ենք, շատ հզոր է. «Պարզապես պետք է կարողանանք այն ներկայացնել և դրան գաղափարական մոտեցում տանք: Այս տեսակետից պետք է այնպես անենք, որ այս փառատոնը ավելի շատ նպաստի ազգի ինքնաճանաչմանը և ոչ թե օտարին հաճո լինելու, օտարին դուր գալու  առաքելություն ունենա»:

Մշակույթի վաստակավոր գործիչն ավելի քան համոզված է, որ օտարները ավելի քան կհավանեն, քանի որ մեր տեսակը հզոր է և հոգևոր առումով մենք շատ բարձրորակ մշակույթի կրող ենք:

«Մենք ասելու, ներկայացնելու բան ունենք: Ուղղակի պետք է ներկայացնենք այն մշակույթը, որը  ժողովուրդն է  կրում»,- խոսքն ամփոփելով՝ ասաց Գինոսյանը: