Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը տեղեկացնում է, որ հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը իր քաշային կարգում (77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում:
«Տեղեկացնում եմ բոլոր մարզասերներին,սպորտային լրագրողներին,պատկան մարմիններին և առհասարակ՝ ամբողջ հանրությանը. հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդ կոչվածը իմ քաշային կարգում(77կգ) կայացնում է ապօրինի, հակասպորտային, ոչ պրոֆեսիոնալ որոշում...
Նախ, մինչ թեմային անդրադառնալը, ամսի 26-ին, ժամը 12։00-ին մամլո ասուլիս կլինի Արմենպրեսում։ Կխնդրեմ
լրագրողներին ներկա լինեն և ուղեն ցանկացած հարց նշված թեմայի վերաբերյալ։
Շարունակելով ասածս՝ մարզչական կազմը, դրժելով անցած սեպտեմբերին ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները, ցանկանում է առանց պայքարի օլիմպիական խաղեր ուղարկել աշխարհի առաջնությանը 5-րդ տեղ գրաված մարզիկի,ով զուտ այդ մի մրցման ընթացքում անընդմեջ 2 գոտեմարտ է պարտվել(իսկ թե ում է հաղթել,մարզասերները գիտեն...)։ Ամբողջ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ մի քաշային կարգում մրցում են երկու ուժեղ մարզիկ և նրանցից մեկին ուղղակի չի տրվում խաղերի համար պայքարելու իրավունք։ Եվ տվյալ դեպքում զրկում են այդ իրավունքից մի մարզիկի, ով նորանկախ Հայաստանի մարզական պատմության մեջ 3-րդն է իր տիտղոսների քանակով:
Ստացվում է, ձևավորվել է մարզչական մի խումբ,որը զուտ անձնական շահերով և մոտիվներով առաջնորդվելով(սրա մասին ասուլիսին)՝ ասում և անում է այն, ինչ ուզում է և ոչ մեկ չի խառնվում այդ որոշումներին՝ չցականալով վատամարդ լինել ոչ մի կողմի համար։ Արդյունքում տուժում է արդարությունը և կոպտորեն ոտնահարվում մարզիկի իրավունքները։
Խնդիրն այն է, որ օլիմպիական խաղերին պետությունը պետք է ներկայացնի երկրի ուժեղագույն մարզիկը։ Իսկ հիմա այդ մարդիկ որոշել են,որ պետք չէ ստուգել,թե ով է ուժեղագույնը,այլ ուղղակի ընտրում են իրենց ուզածին, իրենց ճաշակով,կրկնում եմ՝ դրժելով բոլոր պայմանավորվածությունները։ Հարց է առաջանում, եթե անշահախնդիր են,օբյեկտիվ և վստահ,որ իրենց ընտրած մարզիկն ավելի ուժեղ է, ինչու՞ են ամեն կերպ խուսափում ստուգողական մրցաշարից և ինչու՞ են խաղերից 6 ամիս առաջ հավաքականի կազմ հայտնում,երբ առջևում դեռ վարկանիշային մրցաշարեր կան և հավաքականի տեսքը դեռ բացարձակ պարզ չէ։ Չկա գեթ մեկ հավաքական աշխարհում, որ այս պահին նման հայտարարություն արած լինի: Խաղերից 6 ամիս առաջ կազմ չեն հայտնում,քանզի դա կնշանակի,որ կազմում հայտնված մարզիկն արդեն անձեռնմխելի է և անկախ ամեն ինչից( մարզավիճակ,առողջություն,վնասվածքներ,կարգապահություն, զգոնություն և այլն...), ինքն է մասնակցելու, իսկ մյուսները կարող են ուղղակի թողնել սպորտը։ Կարո՞ղ են ասել,ու՞ր են շտապում կիսատ թիմի կազմ հայտնելով։Ի նչի՞ց են վախենում։ Հարցերն իրականում այսքանը չեն...
Կրկնում եմ, սա կոպտագույն խախտում է և ուղղակի այլանդակ պահվածքի դրսևորում նման հաղթական ճանապարհ անցած մարզիկի հանդեպ։ Եվ կասկած անգամ չունեմ,որ սա հատուկ արվում է իմ դեմ,քանի որ ոմանք ոչ մի կերպ չեն կարողանում հաշտվել տարբեր բնագավառներում ունեցածս հաջողությունների հետ։ Երբ էլ ուրիշ ճար չունեն հաղթարշավդ կանգնացնելու, դիմում են հնարավոր բոլոր անարդար մեթոդների։ Այսինքն, ում ասես պատրաստ են տանել Օլիմպիական խաղեր,միայն թե ես չլինեմ։ Ամոթ է։ Գոնե սպորտում ամեն ինչ հստակ է. ուժեղ է նա,ով հաղթում է։ Բայց հաղթելու համար պետք է մրցելու հնարավորություն տրվի։
Հույս ունեմ, որ գոնե մեդիա-մամուլը չի լռի, ինչպես նաև հանրությունը կպահանջի, որ կայանա նախապես պայմանավորված որոշիչ մրցաշար և ով որ այն կհաղթի,նա էլ իրավունք կվաստակի ներկայացնել մեր երկիրը Տոկիո 2020-ին։
Ակնկալում եմ սրտացավ և արդարության համար պայքարող մարդկանց աջակցությունը։ Դեռ ուշ չէ վերականգնելու այն:
հ.գ.1 մտքովս նույնիսկ չէր անցնի, որ շուրջ 20 տարվա իմ հավաքականում նման բան կկազմակերպվի և հատկապես մարդկանց կողմից, ովքեր իրենց ամբողջ կյանքում ներկայացել են որպես իմ հարազատներ։ Սա ամենատհաճն է այս ամբողջ պատմության մեջ։ Հետո վեհ-վեհ կխոսեն արդարությունից։
Հ.գ. 2
Ընդամենը վերջին 1 տարվա արդյունքներս՝ համեմատության համար տվյալ մարզիկի հետ (ընդհանուրը ուղղակի անհամեմատելի է)
.Նիսի մրցաշար- ոսկի (2019 հունվար)
.Եվրոպայի առաջնություն- բրոնզ(2019 ապրիլ)
.Կրասնոդարի մրցաշար- ոսկի(2019 նոյեմբեր)
.Մոսկվայի մրցաշար- արծաթ (2019 նոյեմբեր)-( քաշային կարգումս գլխավոր հակառակորդ Վլասովի հետ հավասար գոտեմարտ)
. Դանիայի մրցաշար- ոսկի(2020 հունվար)
ընդամենը 22 գոտեմարտ, որից 20-ը հաղթական։
Ընդ որում, թե Նիսի, թե Կրասնոդարի մրցաշարին տվյալ անձնավորությունը ևս մասնակցել է տարբեր տարիներին, և երկուսում էլ արծաթ նվաճել։
Տոկիոյում Հայաստանը պետք է ներկայացնի ուժեղագույնը և դա ապացուցել է պետք»,-Facebook-յան իր էջում գրել է Ջուլֆալակյանը: