Հայաստանում ապահովագրության ոլորտը եղել և մնում է թերևս ամենաեկամտաբերներից մեկը, հիմնական խաղացողներն էլ շուկայում շարունակում են մնալ նույնը: Ընդ որում, թեև ապահովագրական ընկերությունների մեծ մասը պատկանում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին, նոր իշխանություններին դա որևէ կերպ չի խոչընդոտում՝ վերջիններիս հետ ակտիվորեն համագործակցել և նույնիսկ առաջ մղել դրանցից մի քանիսի բիզնեսը: Օրինակ՝ ապահովագրական ընկերություններից «Ինգո Արմենիա»-ն մշտապես կապվել է առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանի հետ, «Նաիրի Ինշուրանս»-ը՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի հետ: Ընկերության խորհրդի նախագահն ու հիմնադիրը Վահան Գաբրիելյանն է, ով 1990-ականների սկզբին հիմնադրել ու ղեկավարել է «Նոյ» ապահովագրական ՍՊԸ-ն: Ընկերության մասնակիցներից Հովիկ Շահինյանն էլ եղել է նույն «Նոյ» ընկերության տնօրենը, հետո աշխատել է իբրեւ «Նաիրի Ինշուրանս»-ի գործադիր տնօրեն, այժմ խորհրդի անդամ է:
«Սիլ Ինշուրանս»-ը՝ Խաչատուր Սուքիասյանի անվան հետ: ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը հավասարաչափ՝ 20-ական տոկոսներով բաշխված են Սուքիասյան եղբայրների եւ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի միջեւ: Վերջինս նույնպես այս ընտանիքի սեփականությունն է (բանկում մասնաբաժին ունի նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը): Կանոնադրական կապիտալը կազմում է 1,37 մլրդ դրամ:
«Ռեսո» ընկերությունը հիմնադրվել է 2008-ին «ՅունիՌԵՍՈ» անունով, 2009-ին վերանվանվել է «ՌԵՍՈ»: Մտնում է «ՌԵՍՈ» ընկերությունների խմբի մեջ, որը ներառում է ԱՊՀ տարածքում գործող ապահովագրության, կենսաթոշակային, ավտոմոբիլային, լիզինգային, բժշկական ոլորտների 30 ընկերություն: «ՌԵՍՈ» հապավումը բացվում է այսպես՝ «Русско-европейское страховое общество»: Ընկերության բաժնետիրական կապիտալը 1,87 մլրդ դրամ է: 50 տոկոսի բաժնետերը «Պոլիգրաֆիա» ՓԲԸ-ն է, իսկ մյուս 50 տոկոսինը՝ «CIS Equity Partners Limited» ՍՊԸ-ն, կամ՝ Գագիկ Զաքարյանն ու Սերգեյ Սարկիսովը: «Ռոսգոստրախ Արմենիա»-ն հիմնադրվել է 2008-ին եւ Հայաստանի խոշորագույն ապահովագրական ընկերությունն է: Ռուսական «Ռոսգոսստրախ» խմբի անդամ է: Կանոնադրական կապիտալը 2,52 մլրդ դրամ է: Ընկերության 100 տոկոսի բաժնետերը «Ռոսգոսստրախ» ՍՊԸ-ն է:
Համաձայն e-gov կայքի ՝ մեկ անձից կատարվող գնումների բաժնի, այս ընկերություններից պետական մարմինները նախորդ տարվա ընթացքում միլիոնների գնումներ են կատարել: Այսպես օրինակ՝ ԱԺ-ն «Ռոսգոստրախ Արմենիա» ՓԲԸ-ից կատարել է 2,869,000 ՀՀ դրամի՝ մեքենանարի ապահովագրության ծառայության գնում. 2018-ին ԱԺ-ն 2,850,000 ՀՀ դրամի նույնանման ծառայություն էր գնել «Սիլ Ինշուրանս»-ից: Քաղաքաշինության կոմիտեն 2019-ին նույնպես նախապատվությունը տվել է «Սիլ Ինշուրանս»-ին՝ գնելով փոխադրամիջոցների հետ կապված ապահովագրական ծառայություններ՝ 98,000, 101,000, 86.000, 60.000 ՀՀ դրամի: Արմավիրի մարզպետարանը գնել է նույնատիպ ծառայություններ «Ռոսգոստրախ Արմենիա»-ից՝ վճարելով 210 հազար դրամ: ՀՀ ԱԻՆ-ը նույնպես գնումը կատարել է «Ռոսգոստրախ Արմենիա»-ից՝ վճարելով 12,450,000 ՀՀ դրամ: Բնապահպանության նախարարությունը գնումը կատարել է «Ինգո Արմենիա»-ից՝ վճարելով 839,000 ՀՀ դրամ: ԱԳՆ-ն ԱՊՊԱ ծառայությունները գնել է «Ռեսո» ընկերությունից՝ վճարելով համապատասխանաբար՝ 236,000 և 441.000 հազար դրամ: ԱԱԾ-ն շարժիչներով փոխադրամիջոցների ապահովագրման ծառայություններ է գնել «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ից վճարելով՝ 3,164,000 ՀՀ դրամ և«Ինգո Արմենիա»-ից՝ վճարելով 18,836,000 ՀՀ դրամ:
Կան, իհարկե, նաև այլ ապահովագրական ընկերություններ, որոնց հետևում բնավ էլ ՀՀ շարքային քաղաքացիներ չեն: Օրինակ՝ «Գարանս Սիստեմս» ընկերությունը, որը պատկանում է Արա Բաբլոյանի ընտանիքին, մասնավորապես որդուն՝ Սերգեյ Բաբլոյանին: Սերգեյ Բաբլոյանի ընկերության կանոնադրային կապիտալը կազմում է 6.174.804 դրամ, իսկ գործունեության հասցեն «Արաբկիր» բժշկական կենտրոնի հասցեն է:
Շուկայում գործում է նաև՝ «Ավանգարդ Սոլյուշնս» ապահովագրական ընկերությունեը: Ըստ պետռեգիստրի՝ ընկերության սեփականատերը Սեգեյ Մելիք-Յոլչյանն է:
«Երկիր Ինշուրանս»-ը պատկանում Է ՀՅԴ-ական Բագրատ Սարգսյանին: