ՀՀ կառավարության որոշմամբ Վահագն Վերմիշյանն ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Հարցը չզեկուցվողների թվում էր:
Վահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրանքով:
Քաղաքաշինության կոմիտեն մոտ մեկ տարի ղեկավարած Վերմիշյանն իր մտերիմի անունով հիմնել է նախագծման աշխատանքներ իրականացնող ընկերություն և ուղղորդել է իրեն դիմած կառուցապատողներին՝ գործարքներ կատարել հենց այդ ընկերության հետ։ Իրավապահների փոխանցմամբ՝ Վերմիշյանը շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը։ Դրա դիմաց անձամբ կամ մտերիմի միջոցով Վերմիշյանը 1-2,5 միլիոն դրամի չափով գումար կամ էլ այդ արժեքի ապրանք է կաշառք ստացել։
Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահն անցած տարի հոկտեմբերին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ որպես կաշառք ստանալով 5 000 դոլար գումար և շուրջ 2 միլիոն 300 հազար դրամի շինանյութ; Այս մասին անցած շաբաթ հաղորդել էր ԱԱԾ-ն։
Վահագն Վերմիշյանին առաջադրված՝ կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի: Դատարանի որոշման հիման վրա նրանցից երեքի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը 2 ամիս ժամանակով: