Հայաստանում կորոնավիրուսի կասկածով պայմանավորված 32 մարդ մեկուսացվել է: Այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքի մանրամասները: Մեկուսացված անձինք պահվում են Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցում։

 
 

«Վերջին տվյալներով, քաղաքացին, ում մոտ կորոնավիրուսը հաստատվել է, այս պահին որևէ սիմպտոմ չունի, չնայած դիմելու պահին ունեցել է բարձր ջերմություն: Ասեմ, որ նրա կնոջ մոտ վիրուսի հետ կապված թեստը բացասական է ցույց տվել»,-ասաց նախարարը: Նա տեղեկացրեց, որ մինչ այժմ 117 թեստավորում է կատարվել, որից մեկն է հաստատվել:

Նախարարը վստահեցրեց, որ երկրում կատարվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները: Նա նշեց, որ կառավարության արտահերթ նիստում որոշում էր կայացվել սահմանափակել Իրանի հետ ուղևորաշրջանառությունը՝ որոշակի բացառություններով: Այն է ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ Հայաստան, Իրանի քաղաքացիներն էլ՝ Իրան:

 

«Հաճախ նշվում էր, թե ինչու ամբողջությամբ չի փակվել սահմանը: Ասեմ, որ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների մուտքը չի կարող սահմանափակվել: Հետևաբար՝ մեր քաղաքացիները իրավունք ունեն վերադառնալ իրենց երկիր»,-ասաց նա:

 
 
 

Նախարարը նշեց, որ Իրանից ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխելու ընթացքում մասնագետները աշխատել են Թեհրանից սկսած: Նրանց ուղեկցում էին բժիշկները, կատարում անհրաժեշտ զննում, բոլորին տրամադրվել են պաշտպանիչ դիմակներ: Նույն վերահսկողությունը շարունակվել է Երևանում: Ուղևորներից  որևէ մեկը, չունենալով գանգատ, գնացել է տուն: Ինչու չի կազմակերպվել կարանտին: Հարցին ի պատասխան, նախարարը նշեց, որ ապացուցված չէ, որ դա աշխատող գործիք է:

 

«Թեհրանից Հայաստան եկած ուղևորները օդանավակայանից դուրս են եկել առանձին ուղիով: Եթե ինքնաթիռում հայտնաբերվում է կորոնավիրուսով հիվանդ, ապա խորհուրդ է տրվում տվյալ անձի նստած տեղից երկու շարք առաջ, և երկու շարք հետ, ինչպես նաև իր շարքի ուղևորներին մեկուսացնել, ինչն էլ անում ենք: Մեկուսացվել է հիվանդին և նրա կնոջը տուն տարած քաղաքացին, որը տաքսու վարորդ չէր: Նույնը վերաբերում է հիվանդանոց գնալուն: Նա տեղափոխվել է շտապ օգնության մեքենայով, անձնակազմը նույնպես մեկուսացվել է: Մենք բոլորին պահում ենք հսկողության տակ: Մեր կողմից իրականացվող հակահամաճարակային միջոցառումները համապատասխանում են բոլոր չափանիշներին: Թերացման մասին խոսելը պարզապես ավելորդ է»,- ասաց նա:

 

Նախարարը հիշեցրեց, որ կանխարգելիչ միջոցառումները սկսել են իրականացնել հունվարի 22-ից, ինչը տվել է իր արդյունքը, տեղական բռնկումներ չկան, առայժմ միայն այս մեկ բերովի դեպքն է:

 

Ինչ վերաբերում է ներկայում հայ-իրանական սահմանի շարժին, ապա նախարարը նշեց, որ հատուկ ընթացակարգով թույլատրվում է բեռների փոխադրում ՀՀ տարածք: Տեղերում աշխատում են մասնագետներն ու ոստիկանները:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը: Նա նշել էր. «Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։

 

Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին։

 

Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի։

 

Պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ կմեկուսացվեն։ Նշեմ նաեւ, որ Թեհրանից ժամանած օդանավի մեջ, ինչպես եւ նախատեսել էինք, եղել են ՀՀ քաղաքացիներ եւ չվերթով ապահովվել է հայրենիք վերադառնալու նրանց անքակտելի իրավունքը։

 

Թեհրանում եւ օդանավի մեջ բոլորը ուղեւորները եղել են դիմակներով, օդանավից եւ օդանավակայանում ուղեկցվել են հատուկ կարգով, ոչ անհրաժեշտ շփումներ չունենալու համար։

 

Հայտնի է սահմանապահ ծառայության այն աշխատակիցը, որը ձեւակերպել է պացիենտի եւ նրա կնոջ մուտքը ՀՀ։ Ի դեպ, սահմանապահները նույնպես եղել են դիմակներով եւ բժշկական ձեռնոցներով։

 

Այն տաքսիները, որոնցով պացիենտը օդանավակայանից տուն եւ տնից հիվանդանոց են եկել՝ կհայտնաբերվեն եւ նրանց վարորդները նույնպես կմեկուսացվեն։ Մեկուսացված քաղաքացիների համար ապահովվելու ենք բարձր մակարդակի հյուրանոցային, սակայն առանձնացված պայմաններ։ Ընդհանուր առմամբ այսօր կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի։

 

Լույսը բացվելուն պես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կքննարկենք Մարտի 1-ի երթը չեղարկելու հարցը։ Իմ առաջարկը լինելու է երթը չեղարկել։

 

Բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են՝ վիրուսի տարածում թույլ չտալու համար։ Ժամը 12.00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիս կհրավիրի եւ կհայտնի այդ պահին հայտնի տեղեկատվությունը։

 

Կոչ եմ անում պահպանել հանգստություն, վստահել միայն կառավարության եւ պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին, ինչպես նաեւ կիրառել վարակի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից խորհուրդ տրվող միջոցները»։