Կորոնավիրուսի հավանական վարակակիրները, կոնտակտային անձինք, ովքեր առնչվել են, առայժմ, միակ հաստատված հիվանդի հետ, երեկվանից Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում են: Դա այն հյուրանոցն է, որը անցած տարի աճուրդի էր հանվել:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ՝ պարզելու, թե որքանով այս ամենը կազդի հյուրանոցի վաճառքի վրա:
«Կարծում եմ, որ այդքան վճարունակ, կարողություն ունեցող մարդը, վստահաբար, այդքան սխալ և ոչ գրագետ ինֆորմացիաներին տուրք չի տա, որվհետև հայտնի փաստ է՝ վիրուսը պատերի, կահույքի մեջ չի ապրում: Վիրուսն ապրում է միայն կենդանի օրգանիզմում»,-ասաց նա:
Բաբայանը շեշտեց, որ, եթե նույնիսկ այնտեղ կորոնավիրուսի որևէ դեպք գրանցվի, ապա վիրուսը չի մնա շենքում՝ այդ մարդկանց հեռանալուց հետո:
«Հնարավոր է, որ ոչ այդքան կրթված մարդիկ նման բաներ խոսեն, բայց ես վստահ եմ, որ այդքան փող ունեցող մարդիկ նման հարցերի մեջ ավելի գրագետ, ուշադիր են»,- նշեց նա:
Դիտարկմանը, թե հնարավո՞ր է հյուրանոցի վարկանիշը ընկնի և այսուհետ ավելի լուրջ խնդիրներ առաջանան հյուրանոցի աճուրդի հետ կապված, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահը պատասխանեց, որ դժվար թե նման բան լինի:
Նկատենք, որ այս հյուրանոցն արդեն իսկ խնդիրներ էր առաջացրել պետության համար: Բանն այն է, որ հյուրանոցը պետությանը նվիրել էր ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը, սակայն դրանից հետո այդպես էլ պետությունը ոչ մի կերպ չի կարողանում հյուրանոցն արդյունավետ կառավարել և շահույթ ստանալ: Կարծիք կա նաև, որ Ավետիսյանից «ստացած» հյուրանոցը ոչ մի մեծահարուստ չի գնում, որպեսզի նախկին սեփականատիրոջ հետ վատ հարաբերություններ չձևվավորեն: Ստացվում է, որ այս քայլով աճուրդի հարցն ավելի է բարդանում: