Հայաստանում այսօր բավականին զարգացած է ծաղկի բիզնեսը: Այն, կարելի է ասել, բիզնեսի ամենաշահութաբեր ոլորտներից մեկն է: Վերջին շրջանում Հայաստանում ավելի են շատացել ծաղիկներ աճեցնելու համար նախատեսված ջերմոցները, ինչի արդյունքում՝ շուկայում գերակշռում են տեղական ծաղիկները:
 
Վաճառվող ծաղիկների բավականին փոքր մասն է ներկրվում արտասահմանից: Դրանք էլ, հիմնականում, վաճառվում են ծաղկի հայտնի սրահներում` բավական թանկ գներով: Ի դեպ, հաճախ վաճառքում հանդիպող, այսպես կոչված, արտասահմանյան ծաղիկները, օրինակ` նույն հոլանդական վարդը, աճեցվում է հենց Հայաստանում, սակայն վաճառվում է ավելի թանկ գներով` արտասահմանյանի անվան տակ:
 
 
Ծաղիկների արտահանման բիզնեսում լուրջ դերակատարություն ունի «Էկոտոմատո» ՓԲԸ-ն, որը ստեղծվեց 2011թ. Կոտայքի մարզի Գողթ գյուղում: Ընկերությունում մասնաբաժին ունի Սերժ Սարգսյանի նախկին խորհրդական Արամ Դանիելյանը: Գողթում կառուցած նրա ջերմոցներում աճեցնում են հոլանդական վարդեր:
 
Ֆինանսների նախարարության ցանկում ներմուծող կազմակերպություններից է «Ավ գրուպ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունն ստեղծվել է 2012 թվականին: Ընկերության սեփականատերը և տնօրենը Գագիկ Վանեցյանն է:
 
Ծաղիկներ ներմուծողների ցուցակում է նաև 2014-ին հիմնադրված «Էլ ընդ էլ» ՍՊԸ-ն: Այս ընկերության հիմնադիրներից է Լարինա Բիչախչյանը՝ «Ամերիաբանկի» վերապատրաստումների և զարգացման թիմի ղեկավարը:
Ծաղիկներ և դեկորատիվ կանաչ ներմուծում է նաև գործարար Չոբանյան եղբայրների հիմնադրած հայտնի «Բրաբիոն ֆլորա սերվիս» ՍՊԸ-ն:
 
Ուշագրավ է նաև մեկ այլ խաղացող՝ «Էնի Ռոուզ» ՍՊԸ-ն:
 
Իսկ ուշագրավն այս ընկերության վերջին ամիսներին շահած տենդեռներն են՝ բավական կլորիկ գումարների տենդեռները: