Չնայած գազի ներտնային սպասարկման ոլորտում մենաշնորհների վերացման մասին հայտարարություններին՝ այս ոլորտում նախկինում մենաշնորհ ունեցող «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ընկերությունը շարունակում է խոչընդոտել ոլորտում ծառայություններ մատուցել ցանկացող ընկերությունների մուտքը շուկա։
 
Համենայնդեպս, այդպես են հայտարարում այն ՍՊԸ-ները, որոնք հեղափոխությունից հետո մուտք են գործել շուկա և փորձում են այստեղ գործունեություն ծավալել: Ի դեպ, ուշագրավ է , որ իշխանությունները նախապես խոստացել էին վերացնել գազի ներտնային սպասարկման ամսավճարները, սակայն, հետագայում հրաժարվել են այդ մտքից: Ավելին, կա տպավորություն, որ անգամ ԱԺ մակարդակով պատգամավորների կողմից փորձ է արվում ամեն կերպ հարվածել՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ կապվող ընկերությանը:
 
«ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն փաստացի հիմնադրել է արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի եղբայրը՝ Վլադիմիր Կարապետյանը, և մինչ 2009 թվականը եղել է բաժնետերերից մեկը: Այժմ այստեղ ամենամեծ բաժնետերը ԿԱ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանն է, ով կնոջ հետ ընկերության 44 % բաժնեմասին է տիրապետում: Արսեն Հարությունյանը, հիշեցնենք, ՀՀԿ անդամ է, 2010-ից «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ 2013-ից գլխավոր տնօրենի: Իսկ 2016-ին նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում, ազատվեց հեղափոխությունից հետո:
Այս պահին դաշտում գործում է ևս մեկ ընկերություն, որը «Էկոնոմգազ» ՍՊԸ-ն է, այն պատկանում է գործարար Դանիել Զաքարյանին:
Նախկինում Զաքարյանի ընկերությունը կոչվել է «Աշլիդ» և 2004-2006 թվականներին՝ մինչ շուկայից դուրս մղվելը, զբաղվել է Երևանում գազի ներտնային սպասարկմամբ: