Մայիսի 19-ին լրանում է ՀՀ ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարների նշանակման օրենքով սահմանված 6-ամսյա ժամկետը, ինչը նշանակում է, որ վարչապետը պետք է մինչեւ այդ ժամկետը այդ պաշտոններում նշանակումներ կատարի: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա խնդրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին գնահատել այդ երկու մարմինների աշխատանքը. «Արդյոք մտադիր եք նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներին այդ պաշտոններում, արդյոք որոշում ունեք արդեն»,-ասաց նա:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը շատ կարժ ասաց. «Որոշում ունեմ, ամսի 19-ին կհրապարակվի»:
Ինչ վերաբերում է այդ երկու կառույցների աշխատանքին, վարչապետն ասաց. «Ես կարծում եմ՝ մենք պրոբլեմներ ունենք ընդհանրապես իրավապահ համակարգում եւ պետք է դրանք համակարգված լուծենք: Բայց ես այդ պրոբլեմների ամբողջ պատասխանատվությունը, բնականաբար, չեմ դնի ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի եւ ԱԱԾ տնօրենի պարտականությունները ժամանակավոր կատարողի վրա: Ես այդ երկու թեմաներն իրարից կտարանջատեի: Ընդ որում, մենք ամբողջ պետական կառավարման համակարգում խնդիրներ ունենք: Եթե հարցն այն է, թե ինչու մինչեւ հիմա այդ խնդիրները լուծված չեն, լուծված չեն այն պատճառով, որովհետեւ լոըւծման համար անհրաժեշտ է ճշգրիտ ախտորոշում եւ մենք կարծում եմ՝ այդ ախտորոշմանը մոտ ենք»: