Կորոնավիրուսը կշարունակի տարածվել ամբողջ աշխարհում մինչև առնվազն հունիս ամիսը։ Այս մասին հայտնել է ՉԺՀ առողջապահության հարցերով պետական կոմիտեի հատուկ փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշյանը, հաղորդում է РИА Новости-ն:
Ըստ նրա, եթե այժմ ամբողջ աշխարհը պայքարում է Չինաստանից տարածված կորոնավիրուսի դեմ, ապա ապագայում իրավիճակը կարող է փոխվել, և Չինաստանի իշխանություններն արդեն պայքարելու են երկրի տարածք հիվանդության ներթափանցման դեմ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ աշխարհի ավելի քան 100 երկիր հայտնել են կորոնավիրուսի հաստատված դեպքերի մասին:
Մարտի 9-ի դրությամբ՝ հիվանդության դեպքերը գրանցվել են 104 երկրում։ Ամբողջ աշխարհում վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 109 հազար մարդ, որից ավելի քան 3,8 հազար մարդ արդեն մահացել է: