«Էդ քու զանգը ինձ ջահելացնըմ ա կյանք»,- ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի զանգին այսպես արձագանքեց 80-ամյա Սոնիկ տատիկը, որին Լոռու մարզի Գյուլագարակ համայնք այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լսեց և խոստացավ օգնել։

Նա ասաց, որ վարչապետի արձագանքից ոգևորվել ու մեծ հույսով սպասում է․ «Երկրաշարժից տունը փլատակվել է, ծրագրի մեջ չեն ընդգրկվել, դիմել ենք, նամակներ ենք ուղարկել, լաց ենք եղել, բայց անօգուտ։ Վարչապետն իր աչքովը տեսավ, թե ինչ պայմաններում ենք ապրում, տեսավ՝ փլեցված ա տունը, բայց հլա ոչ զանգել են, ոչ եկել։ Կուրթանեցի մեկը կար, վարչապետը նրան ասավ՝ դու ջահել ես, գնա աշխատի, էս տատիի տան հարցը պիտի լուծենք, էլ բան չասավ։ Ո՞նց չոգևորվեմ, հույս ունեմ, որ կօգնեն»,- նշեց Սոնիկ Սաքուլյանը։

Տատիկի խոսքով՝ ամեն «չխկոց-թխկոցից» դուրս են վազում, որովհետև պատերը խարխլված է, ամեն պահի կարող են փլվել. «Գլխներիս փուլ ա գալի կյանքիդ մեռնեմ»։

Նույն տանիքի տակ, անբարենպաստ պայմաններում տատիկի հետ միասին ապրում են նրա աղջիկն ու ամուսինը՝ իրենց 2 ապագա զինվորների հետ։ Աղջիկը ողնաշարի խնդիր ունի, ամուսինը հաշմանդամ է, ապրում են տատիկի թոշակով ու երեխաների նպաստով, տատիկի թոշակով կոմունալ վճարումներն են անում, նպաստով՝ խանութի պարտքերը փակում։

«Տղիս ուղարկեցի խոպան, գնաց, ինֆարկտ խփեց, մահացավ։ Հիմի աղջկաս ընտանիքի հետ ենք ապրում, 2 սալդատ թոռ եմ մեծացնում։ Մի ձև յոլա ենք էթում»,- սրտնեղեց տատիկը։

Հիշեցնենք՝ մարտի 7-ին, Գյուլագարակում տարեց կինը աղուհացով դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրան խնդրեց օգնել վերանորոգել երկրաշարժից տուժած տունը: Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, բայց քանի որ քարոզարշավի փուլում է, նյութական ոչինչ չի կարող խոստանալ: Այնուամենայնվ, վարչապետին ուղեկցող աշխատակիցները տարեց կնոջից հեռախոսահամար վերցրին:

 

Սոնա Հարությունյան