News.am-ը գրում է.
Վաղարշապատի բնակիչը, որի մոտ նախօրեին հաստատվել է կորոնավիրուս, մարտի 8-ին ներկա է եղել որդու նշանադրության արարողությանը։ Այս մասին NEWS.am-ին պատմեց խնջույքի մասնակիցներից մեկը։
«36 հոգի էինք, մեծ նշանդրեք չի եղել։ Մենք մասնակցել ենք աղջկա կողմից, վարակվածը տղայի հայրն է, թոքաբորբ ունի։ Նշանդրեքի օրն իրեն շատ լավ էր զգում, միայն երեկ է վատացել ինքնազգացողությունը, ստուգել են, հայտնաբերվել է վարակը»,– ասաց նա։
Արեւիկ Հովհաննիսյանը հայտնեց, որ ինքն ու իր ընտանիքի անդամները մեկուսացված են, ցուցում են ստացել տնից դուրս չգալ։
«Առավոտյան եկել են մեր տուն, տան անդամների ջերմությունը չափել են, բոլորինս նորմալ է, գանգատներ չունենք այս պահին, ուղղակի մեզ ասացին՝ 14 օր ոչ մեկի չշփվեք, դուրս չգաք, աշխատանքի չգնաք, երեխեքն էլ՝ դասի»,– ասաց նա։
Արեւիկ Հովհաննիսյանն աշխատում է դպրոցում որպես բուժքույր։ Մինչեւ այս նա հաճախել է աշխատանքի, միայն այսօր՝ լուրերը իմանալուց հետո, նրան տնօրինությունից տուն են ուղարկել։