Այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ից 12։00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք ահազանգ է ստցվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զոհրաբյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։ Ոստիկանները նշված թաղամասի շենքերից մեկի բնակարանի ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձախ կրծքավանդակի հատվածում ստացած վնասվածքով։
Ոստիկանները պարզել են՝ մահացածը նույն շենքի բնակիչ, 38-ամյա Լևոն Գ-ն էր, ում այդ վիճակում հայտնաբերել է հայրը, երբ մտել է ննջասենյակ ու անկողնում նկատել է որդուն՝ խոհանոցային դանակով ինքն իրեն խփած վիճակում։ Հայրն ահազանգել է շտապօգնություն, ժամանած բժիշկներն արձանագրել են որդու մահը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ամիսներ առաջ էր վերադարձել Ռուսաստանի Դաշնությունից, զբաղվում էր շինարարական գործունեությամբ, բարեկամների և ընկերների շրջապատում դրական էր բնութագրվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, խոհանոցային դանակն էլ քննիչն առգրավել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: