«Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի հաստատումից հետո 24-ժամյա վերահսկողություն է տարվում Արցախի 2 անցակետերում: Ջերմաչափում ենք իրականացնում, եթե ջերմության բարձրացում և ռիսկային երկրներից մուտք է լինում, նմուշառում ենք անում, ուղարկում Հայաստան՝ անալիզների նմուշների պատասխաններն ունենալու համար: Փառք աստծո, առ այսօր դրական պատասխան չենք ունեցել»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին:
Հարցին՝ արդյոք արցախցիների մոտ խուճապ կա՞ և մեծացե՞լ է բժշկի դիմողների թիվը, Բաղրյանը պատասխանեց. «Շուրջ մեկուկես ամիս է, ինչ երկրի նախագահի հանձնարարությամբ օպերատիվ շտաբ ունենք ձևավորված: Ամեն օր մասնագետների, լրատվամիջոցների հետ միասին փորձում ենք բնակչությանը հասկացնել, որ խուճապի մատնվել պետք չէ, բայց պետք է լինել առավել զգոն»,- ասաց նա՝ նշելով, որ այն երկրները, որոնք հաջողության են հասել, միայնակ չեն պայքարել դրա դեմ, այլ ամբողջ երկրով, ուստի առաջին հերթին քաղաքացիները պետք է իմանան անվտանգության և հիգիենայի կանոնները:
Նկատի ունենալով Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդու հետ տեղի ունեցած ցավալի դեպքը, որով պայմանավորված Հայաստանից դեպի Արցախ մարդկանց հոսքը, բնականաբար, կավելանա ու հետևաբար՝ կմեծանա նաև ռիսկը, հետաքրքրվեցինք՝ արդյոք վերահսկողությունը ուժեղացվե՞լ է այս օրերին, Բաղրյանն ասաց. «Մենք մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնել Աղաբեկյանների ընտանիքին, շատ դժվար հարց է, բայց քաջ գիտակցում ենք, որ այդ միջոցառման հետ կապված՝ հորդորներ չենք կարող տալ քաղաքացիներին, բայց հուսով ենք՝ բոլորն իրազեկված են, կանոնները կպահպանեն և մարդաշատ կուտակումներ չեն առաջացնի»,- նշեց Արցախի առողջապահության նախարարը:
Եվ վերջում՝ Բաղրյանը խորհուրդ տվեց մարդկանց պահպանել հասարակ հիգիենայի կանոնները և խուսափել մարդաշատ վայրերում լինելուց: