«Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի և նման ապրանքների դեֆիցիտ չկա և չի լինի»,- վստահեցնում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Մենք 44 անուն ապրանք ենք մոնիտորինգ անում, ամենաշատը գնվել է նպարեղենը, հիմա էլ ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ: Պահեստներում էլ ապրանքի խնդիր չունենք»:
Տարբեր ապրանքների գների աճի մասին տարածված լուրերը հերքեց և վստահեցրեց, որ նույնիսկ, եթե կա որոշ ապրանքների գնաճ, պայմանավորված չէ այդ ապրանքների դեֆիցիտ լինելով: «Ասում եք վարունգի գինն է աճել, սիրելի քաղաքացիներ, մարտ ամսին միշտ էլ աճել է վարունգի ու որոշ այլ մթերքների գներ, խուճապ մի տարածեք»:
Դիմակների գնի աճին անդրադառնալով՝ ասաց, որ գնի աճը պայմանավորված է միջազգային շուկայում գնի աճով: «Դիմակների գնի աճ կար, ներկրումը բարձր գնով էր արվում, սակայն արդեն նկատելի միտում կա գնի անկման: Չինաստանի հետ ուղիղ կապի մեջ ենք, իրենք մեծ պաշար ունեն և առաջիկայում շահավետ գնով ներկրման հարցը կլուծենք»։
Նա քաղաքացիներին հորդորեց գնումներ կատարել խելամիտ սահմաններում։ «Հասկանում ենք, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութ գնալու երևույթից, բայց հավաքվել խանութներում և հերթեր կուտակել, դա ևս ավելի մեծ խնդիր է: Աբսուրդային չափերի հասնող գնումներ կատարելու կարիք չկա», - ասաց Գևորգյանը և նշեց, որ քաղաքացիները որոշակի ապրանքներ, օրինակ' ալկոգել, կարող են ձեռք բերել արդեն օնլայն ռեժիմով: Շուտով կտարածեն հստակ տեղեկություն նաև այդ օնլայն ծառայությունների մասին: