ՀՀ կառավարությունն առաջիկայում 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: Այս մասին Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր տնտեսությանը պետք է աջակցենք: Առաջիկայում կառավարությունն առնվազն 150 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի տնտեսությանը: Մենք փաթեթ ենք պատրաստել, որը մի քանի օրվա մեջ գործնականում հնարավոր կլինի կիրառել: Մենք 25 մլրդ դրամ կհատկացնենք այն ծրագրի համար, որ այն ընկերությունները, որոնք կվերցնեն վարկ Հայաստանյան բանկերից դրամային արտահայտությամբ իրենց աշխատակիցների աշխատավարձերը վճարելու և այլ հարցերի համար, կառավարությունն այդ վարկի 50%-ը կհամաֆինանսավորի 0%-ով, իսկ բանկի հատվածի տոկոսը կսուբսիդավորի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ կառավարությունը լուրջ խնդիր է դրել աջակցություն ցույց տալ նաև գյուղատնտեսությանը:
«Խնդիր ենք դրել գյուղատնտեսական վարկերը սուբսիդավորել այնքան, մինչև դառնա 0%»,- նշեց վարչապետը:
Փաշինյանը հավելեց, որ 30 մլրդ դրամի փաթեթ են պատրաստել սոցիալական հրատապ աջակցության համար, իսկ 80 մլրդ դրամի փաթեթ այն կազմակերպությունների համար, որոնք կզբաղվեն Հայաստանին նոր աշխարհին պատրաստելով: