Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման մասին պետության կողմից տրամադրված տեղեկատվությունը միանգամայն օբյեկտիվ է։ Պետք չէ հավատալ այս թեմայով տարածվող կեղծ լուրերին։ Այս մասին այսօր ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի և Սևաստոպոլի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հայտնում է tass.ru֊ն:
«Ինչ-որ մեկը դա անում է անգիտակցաբար, մյուսը՝ գիտակցաբար, որպեսզի անվստահություն տարածի իշխանությունների հանդեպ, խուճապ տարածի», - ասել է նախագահը։
Նա հավաստիացրել է, որ իշխանությունները չեն թաքցնում և չեն թաքցնելու իրական տեղեկությունները երկրում կորոնավիրուսի տարածման չափի վերաբերյալ:
«Այն ամենը, ինչ տրամադրված է առողջապահության նախարարության կողմից, օբյեկտիվ տեղեկատվություն է։ Եվ հետագայում էլ այդպես կլինի։ Մենք թարմ, օբյեկտիվ և հնարավորինս ամբողջական տեղեկատվություն կփոխանցենք», - խոստացել է պետության ղեկավարը: