Հեղափոխությունից հետո Հայաստանում տարբեր հայտարարություններ էին հնչում՝ կապված անասնապահության ոլորտի զարգացման անհրաժեշտության հետ: Նիկոլ Փաշինյանը դեռևս ընդդիմադիր պատգամավոր եղած տարիներին պնդում էր, որ հողերը մեր երկրում գրավված են ֆեոդալների կողմից, դրանք էլ իրենց հերթին կամ չինովնիկներ են կամ պետական պաշտոնյաների հետ փոխկապակցված անձինք և վերջիններիս գործունեության արդյունքում գյուղացին պարզապես զրկված է անասնապահության ոլորտում եկամտաբեր բիզնես կառուցելու հնարավորությունից:
Ինչևէ, հեղափոխությունից հետո անցել է շուրջ երկու տարի և ժամանակն է հայացք ձգել, թե ովքեր են այսօր անասնապահության ոլորտում «ասողները»: Վերջին շրջանում մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան կապված Մարմարաշենի խոզաբուծարանի շուրջ տիրող իրավիճակի հետ: Մարմարաշենը, համաձայն Արարատի մարզպետարանի կայքի տվյալների, ունի 4020 բնակիչ: Համայնքը գտնվում է Մասիսից 6 կմ հարավ-արևելք: Բնակիչները մշակում են ջերմասեր բանջարաբոստանային բույսեր: Մարմարաշենի խոզաբուծարանը շահագործում է «Հելսի Լայֆ» ՍՊԸ-ն, որի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը, ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված տվյալների, Կատրին Մինասյանն է:
10 հազար դրամ կանոնադրական կապիտալով ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 14-ին «Կատրին Փրոդաքշն» անվանմամբ, սակայն 2013 թվականին փետրվարի 2-ից դարձել է «Հելսի Լայֆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Ի դեպ, այս ընկերության դեմ Մարմարաշենում մի շարք բողոքի ակցիաներ էին կազմակերպվել, և ըստ մամուլի՝ դրանց հետևում կանգնած է գյուղապետ Էդուարդ Հակոբյանը, ով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ազգականն է և գործում է նրա հովանավորությամբ:
«Եղվարդի Խոզաբուծական ֆերմա» ՍՊԸ-ի սեփականատեր է նշվում «Տիռո Գրուպը».
Իր հերթին, «Տիռո Գրուպի» սեփականատերերն են Ռաֆայել Մկտրումյանը և Իննա Խաչատուրովան.
«Արզնի ԹՏԽ»-ն ոլորտում գործունեություն ծավալով խոշոր ընկերություններից է և վերջինիս սեփականատերը Արմեն Ջանվելյանն է:
«Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի սեփականատերը բոլորին քաջ հայտնի Արկադի Համբարձումյանն է՝ Դերժավի Արկադը: