Հունաստանի ամենախոշոր տուրօպերատոր Mouzenidis Travel-ը, անշարժ գույքի շուկայում հայտնի Grekodom կազմակերպությունն ու հայկական Hot Tours ընկերությունը համագործակցության նոր ծրագիր են սկսել, որով հայ գործարարների համար Հունաստանում գույք ձեռքբերելու նոր հնարավորություն է ստեղծել։ Ըստ վերոնշյալ ընկերությունների ներկայացուցիչների, իրենք մշակել և ներկայացրել են լավագույն առաջարկները։ Հունաստանում տներ կամ հանգստայան օբյեկտներ ձեռքբերող հայ գործարարներն այսուհետև կարող են դրանք վարձակալության հանձնել այդ երկրում իրենց հանգիստն անցկացնող տուրիստներին և զգալի եկամուտներ ստանալ տարվա գրեթե ողջ ընթացքում։
Mouzenidis Travel-ը, Grekodom֊ը և Հայաստանում այս ընկերությունների էքսկլյուզիվ ներկայացուցիչ Hot Tours տուրօպերատորը պատրաստ են աջակցել հայ գործարարներին Հունաստանում գույք ձեռքբերելու և դրանք վարձակալության հանձնելու բոլոր փուլերում։ Ընկերությունների մշակված առաջարկը նախօրեին ներկայացվել է Հայաստանում գործող մի քանի տասնյակ տուրիստական և անշարժ գույքի գործակալությունների։ Ըստ Հունաստանից և Ռուսաստանից ժամանած գործարարների, Mouzenidis Travel և Grekodom ընկերությունների ներկայացուցիչների, այս բիզնեսը հաջողությամբ գործում է արդեն հետխորհրդային տարածաշրջանի մի շարք երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում և այլն, որոնց շատ քաղաքացիներ բավական մեծ եկամուտներ են ստանում Հունաստանի տուրիստական և անշարժ գույքի շուկաներից։ Նրանք վստահ են, որ հայ գործարարները նույնպես կարող են շատ հաջողակ լինել այս ոլորտում։