Տավուշի մարզի բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրի մոտ մարտի 18-ին տեղի ունեցած սպանության կասկածանքով զինծառայող է ձերբակալվել:
ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2020 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրից դեպի Չորաթան բնակավայր տանող հանդամիջյան ավտոճանապարհի 0,1 կիլոմետրին, մի խումբ անձանց միջեւ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել է նույն համայնքի Այգեձոր բնակավայրի բնակչին, ինչի հետեւանքով վերջինս մահացել է, ինչպես նաեւ նույն առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Այգեձոր համայնքի եւս երկու բնակիչների, ինչի արդյունքում վերջիններիս պատճառվել են մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:
Պայմանագրային զինծառայողը ձերբակալվել է: