Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է ստոմատոլոգիական ծառայություն իրականացնող բոլոր բժշկական հաստատություններին՝ հետաձգել պացիենտների բոլոր տեսակի պլանային այցերը' նախնական մեկ ամիս ժամկետով և սպասարկել միայն շտապ և անհետաձգելի բուժօգնություն պահանջող դեպքերը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից։
«Միաժամանակ, հաշվի առնելով ստոմատոլոգիական ծառայություն մատուցելու ընթացքում կորոնավիրուսային վարակի տարածման հնարավոր բարձր վտանգը, տեղեկացնում ենք, որ բժիշկ-ստոմատոլոգը պետք է կարողանա նույնականացնել COVID-19 կորոնավիրուսով, պացիենտին' հիմք ընդունելով ԱՀ առողջապահության նախարարի 11.03.2020թ. թիվ 82-Ա հրամանով հաստատված ուղեցույցը, COVID-19 կորոնավիրուսով պացիենտին ցուցված չէ ստոմատոլոգիական որևէ բժշկական օգնություն, բացառությամբ սուր և անհետաձգելի դեպքերի, այն դեպքում, երբ հիվանդության ակտիվ շրջանում պացիենտը դիմում է ստոմատոլոգիական կենտրոն, ապա բժիշկ-ստոմատոլոգը պետք է կարողանա հնարավորինս արագ նույնականացնել COVID-19 կորոնավիրուսով պացիենտին, անհապաղ կազմակերպել մեկուսացման միջոցառումներ, ինչպես նաև տեղեկացնել համապատասխան մարմիններին, ստոմատոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերելիս, խորհուրդ է տրվում մինչ պացիենտի զննումն ու նախատեսվող միջամտության իրականացումը, ինչպես նաև պացիենտի զննումից և իրականացված միջամտությունից հետո՝ կատարել ձեռքերի հիգիենիկ մշակում (մաքրում)»,- տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Նախարարությունը խորհուրդ է տալիս օգտագործել բոլոր պաշտպանիչ անհատական միջոցները' ակնոցներ, դիմակներ, ձեռնոցներ, բժշկական դիմակներ և պաշտպանիչ արտահագուստ' նախատեսված մեկանգամյա օգտագործման համար, մինչև որևէ ստոմատոլոգիական միջամտություն կատարելը պացիենտին առաջարկել բերանի խոռոչի ողողում՝ 1% ջրածնի պերօքսիդի լուծույթով:
«Ստոմատոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերելիս Ռաբերդամի օգտագործումը զգալիորեն նվազեցնում է COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածումը, քանի որ նվազեցնում է թքով և արյունով ախտահարված աերոզոլային կախույթի առաջացումը:Բոլոր այն դեպքերում, երբ աշխատանքի ընթացքում հնարավոր չէ տեղադրել Ռաբերդամ, խորհուրդ է տրվում օգտագործել մեխանիկական գործիքներ' որպեսզի հեռացման ժամանակ նվազեցվի աերոզոլի առաջացումը»,- նշեցին նախարարությունից։